1in.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե իր պաշտոնից կհեռանա հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո, այսինքն գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հեռանալուց հետո: 

Վրաց փորձագետ Թոռնիկե Շարաշենիձեն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ թեպետ մինչ այժմ հայտնի չէ, թե ով կփոխարինի վարչապետ Իվանիշվիլիին, սակայն վստահ է, որ նա մինչ հեռանալը հաստատ իրեն արժանի հետևորդ կգտնի: «Վրաստանն աստիճանաբար սկսում է ձերբազատվել մեսիայի սինդրոմից: Սաակաշվիլին իր ժամանակ եկել էր որպես մեսիա (փրկիչ), Իվանիշվիլին՝ ևս: Առհասարակ, նրա գնալով Վրաստանում կավարտվի մեսիաների դարաշրջանը»,- ընդգծեց նա:

Թոռնիկե Շարաշենիձեն չի կիսում այն տեսակետը, թե Բիձինա Իվանիշվիլին հեռանալուց հետո կսկսի ղեկավարել կուլիսների հետևում․ «Ես չեմ կարծում, թե նրա մոտ դա կստացվի՝ իրավիճակը ղեկավարելու առումով: Դա բավականին բարդ է: Եթե նույնիսկ նա այդպիսի ցանկություն ունենա, նրան չի հաջողվի երկիրը ղեկավարել կուլիսների հետևում: Նախորդ տարվա ընտրություններից հետո Վրաստանում բազմակարծությունն ու ազատությունը մեծացել է. դա երևում է ամեն օր: Նա ևս դա զգում է, հետևաբար նման բան չի լինի, պարզապես կհեռանա: Անհնար կլինի Ձեր նշած տարբերակով երկիր ղեկավարել»:

Անդրադառնալով այն տեսակետներին, թե Իվանիշվիլիի այդ քայլը կարող էր Արևմուտքի կողմից պլանավորված լինել, փորձագետն ասաց, որ ինքն այդ կարծիքը չի կիսում և պայմանավորվածության թեորեաներից այնքան էլ «գլուխ չի հանում»:

Խոսելով գալիք նախագահական ընտրությունների մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ իր գնահատմամբ՝ որքան էլ «Վրացական երազանք»-ից առաջադրված կրթության և գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին նախկինում հանրությանն անծանոթ էր, այս ընթացքում հնարավորություն ունեցել է իրեն ներկայացնել. «Իմ կարծիքով՝ նա կհաղթի առաջին փուլում, իսկ ընդդիմությունից առաջադրված Դավիդ Բաքրաձեն երկրորդ հորիզոնականը կզբաղեցնի, և այդպիսով «Միացյալ ազգային շարժումը» կմնա Վրաստանի քաղաքականության մեջ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել