1in.am-ը գրում է.
Տարածաշրջանային վաղեմի մրցակից երկու պետությունները՝ Հնդկաստանն ու Չինաստանը, չորեքշաբթի օրը համաձայնության են եկել՝ ամրապնդելու համագործակցությունը պաշտպանության ոլորտում՝ Հիմալայան լեռներում երկու պետությունների միջև անցնող սահմանի երկայնքով, որտեղ հաճախակի է լարվածություն գրանցվում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Երկու պետությունների միջև վստահության ամրապնդման մասին համաձայնագիրը չորեքշաբթի օրը ստորագրվել է Պեկինում՝ Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհի և Չինաստանի իր գործընկեր Լի Քեչանգի միջև անցկացված հանդիպումից հետո:
Համաձայնագրով նախատեսվում է բարելավել Չինաստանի և Հնդկաստանի զինված ուժերի միջև առկա հաղորդակցությունը և ընդլայնել համագործակցությունը երկու կողմերի ջանքերը պահանջող աշխատանքների իրականացման գործում, այդ թվում՝ մաքսանենգության և տարերային աղետների հետևանքների վերացման ոլորտներում:
Համաձայնագրում նաև կողմերին կոչ է արվում «դրսևորել առավելագույն զսպվածություն»՝ տարաձայնությունների պատճառը հանդիսացող վայրերում բախումների գրանցման դեպքում:
Հնդկաստանի վարչապետ Սինգհը նշել է, որ համաձայնագիրը հնարավորություն կընձեռի երաշխավորելու, որ Հնդկաստանի և Չինաստանի միջև արդեն մի քանի տասնամյակ շարունակվող սահմանային վեճը չի մեծացնի երկու պետությունների հարաբերություններում առկա լարվածությունը:
Չինաստանի վարչապետն իր հերթին ասել է, որ սահմանային վեճը չպետք է խոչընդոտի երկկողմ հարաբերություններին:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Հնդկաստանը մեղադրել էր Չինաստանին զորքերն իր տարածք առնվազն 10 կիլոմետր խորացնելու և այնտեղ ռազմակայան հիմնադրելու մեջ: Չինաստանը, սակայն, հերքել էր Հնդկաստանի տարածք մտնելու մեղադրանքները: