«Ըստ «Ժողովուրդ»–ի տեղեկությունների՝ 2014թ. հունվարին Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը միանալու է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղին։ «Ժողովուրդ»–ին դիմած ուսանողների պնդմամբ՝ Արցած պուրակի հարևանությամբ գտնվող Մանկավարժականի շենքը հյուրանոց է դառնալու։ Իսկ նոր համալիրը, այսինքն՝ Մանկավարժականը, կգործի ճարտարագիտական համալսարանի շենքում, որն էլ գտնվում է Վանաձորի Բազում թաղամասում։ Ըստ ուսանողների՝ շենքը զուրկ է տարրական կոմունալ հարմարություններից, իսկ ձմռանը ցուրտ է լինում։
Նույնիսկ ուսանողներ կան, որոնք Բազում թաղամասում գտնվող համալսարան հասնելու համար ստիպված են լինելու երկու տրանսպորտ փոխել։ ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության ծառայության պետ Արթուր Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ բուհերի խոշորացման ծրագիրը դեռ քննարկումների մեջ է։ «Կրթության մասին օրենքով»՝ կրթական հաստատության համար նախատեսված շենքը չի կարող, բացի կրթական ծառայությունից, այլ նպատակների համար օգտագործվել»,–լրացրեց նա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։