ՌԴ ՆԳՆ ղեկավար. Սադրիչներն ուղղակի օգտվեցին Բիրյուլովոյում տեղի ունեցած սպանությունիցPanarmenian.net-ը գրում է.

Սադրիչներն օգտագործեցին մոսկվաբնակ Եգոր Շչերբակովի սպանությունը Բիրյուլովոյում ազգամիջյան բախում հրահրելու համար, հայտարարել է Ռուսաստանի ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«…Կցանկանայի միանգամից տարանջատել կատարվածի տարբեր ասպեկտները: Այսպես կոչված «ժողովրդական հավաքը», զոհվածի ընտանիքին ցավակցելու նրանց բնական ցանկությունը, պատշաճ կարգապահության բացակայության հետևանքով առաջացած դժգոհությունը: Եվ ազգամիջյան բախման միտումնավոր բորբոքումը, առանձին սադրիչների խուլիգանական գործողությունները, որոնք օգտվեցին մարդկանց զգացմունքային վիճակից ու ողբերգական առիթից»,-ասել է նախարարը Պետդումյաում «կառավարական ժամի» շրջանակում:

Կոլոկոլցևը պարզաբանել է, որ հենց նման կրկնակի սցենարով են զարգացել իրադարձությունները 25-ամյա Շչերբակովի սպանությունից հետո: Տարբեր ագությունների ներկայացուցիչների նույնիսկ կենցաղային բախումը կարող է օգտագործվել իրավիճակի ապակայունացման համար, ասել է նա

Մինչ այդ ՆԳՆ ղեկավարը հայտնել էր, որ անկարգությունների մասնակիցների միայն 30 տոկոսն է Բիրյուլովոյի բնակիչ եղել, մյուսները քաղաքի այլ շրջաններից էին:

Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ է դարձել հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվել էր անկարգությունների: Մասնակիցները մեղադրում էին ոստիկանությանը, որը, իբր, պատշաճ չի կատարում իր պարտականությունները, տեղաբնակները շրջանի պարեկում են կազմակերպել: Ակցիայի ագրեսիվ տրամադրված մասնակիցների մի մասը՝ մոտ 1000 մարդ, ազգայնամոլների ու ֆուտբոլային ֆանատների առաջնորդությամբ կոտրել է «Բիրյուզա» առևտրային կենտրոնի ցուցափեղկերը, իսկ հետո շարժվել դեպի բանջարեղենի բազա, որտեղ միգրանտներ են աշխատում:

Վրդովված մարդիկ ջարդել են բազայի դարպասները, վնասել սառնարանները, կոտրել կայանած մեքենաները, ջախջախել ձմերուկների առևտրի տաղավարը: Կեսգիշերից հետո իրավիճակը հաջողվել է համեմատաբար կայունացնել հատուկ ուժերի միջամտությամբ:

Շչերբակովի ենթադրյալ մարդասպանի անձը պարզվեց մի քանի օր անց՝ դա ադրբեջանցի Օրհան Զեյնալովն էր: Նրան ձերբակալեցին հոկտեմբերի 15-ին մերձմոսկովյան Կոլոմնայում:

Ձերբակալության ժամանակ Զեյնալովը դիմադրել է: Ավելի ուշ, օպերատիվ աշխատակիցների հետ զրույցում նա խոստովանել էր իր մեղքը՝ ասելով, թե ինքն է դանակով հարվածել Եգոր Շչերբակովին:

ՌԴ իրավապահ մարմինները հայտարարել են, որ Զեյնալովը չունի ՌԴ քաղաքացիություն: Ըստ ՌԴ ՔԿ տվյալների, կասկածյալը մոտ 10 տարի է բնակվում է Մոսկվայում, սակայն բնակության մշտական վայր չունի, չարաշահում է ալկոհոլային խմիչքները, բռնկուն է, ագրեսիվ, մշտական աշխատանք չունի: Ավելի ուշ Զեյնալովը հրաժարվել է խոստովանական ցուցմունքներից:

Այսօրվա դրությամբ Բիրյուլովոյում անկարգությունների գործով ձերբակալվել է չորս հոգի, որից մեկը ազատ է արձակվել քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: Երեքը՝ Արտյոմ Նովիկովը, Տիմուր Մուսիկաևը և Անդրեյ Տիտարենկոն ձերբակալված են: Նրանք մեղադրվում են «Մի խումբ անձանց կատարած խուլիգանություն» հոդվածով:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը չի բացառել, որ Բիրյուլովոյի իրադարձությունները կարող են կրկնվել: Նա խոստացել է, որ քաղաքը կսատարի Մոսկվայի բնակիչների պահանջներին ու կարգ ու կանոն կհաստատի առևտրի ու ներգաղթի ոլորտներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել