1in.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Բավական Խաչատրյանի գործի դատական քննությունը:

36-ամյա Բավական Խաչատրյանը մեղադրվում է թրաֆիքինգի ու թրաֆիքինգի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 34-132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով: Խաչատրյանը գտնվում է կալանքի տակ:

Ըստ մեղադրանքի՝ նա շահագործման նպատակով ՀՀ և ԼՂՀ տարբեր բնակավայրերից հավաքագրել է երիտասարդ կանանց ու կազմակերպել նրանց սեռական շահագործումը մասնավորապես՝ Արաբական Էմիրաթներում:

Այս գործով տուժողները հինգ շատ երիտասարդ կանայք են: 

Նրանց շահերը «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ դատարանում ներկայացնում է փաստաբան Հովիկ Արսենյանը:

Այսօրվա դատական նիստը նախ անցկացվեց դռնբաց կարգով, քանի դեռ հարցաքննվում էին վկաները, իսկ հենց որ դատարանն անցավ տուժողների հարցաքննությանը, վերջիններիս ներկայացուցչի միջնորդությամբ նիստը շարունակվեց դռնփակ կարգով:

Այսօր հարցաքննված երկու վկաները Տավուշի մարզի գյուղերից մեկի խորտկարանի աշխատողներ էին:

Այդ խորտկարանում որպես մատուցողուհի աշխատել էր տուժող ճանաչված կանանցից մեկը: 

Ամբաստանյալ Բավականը, ով իր «գործունեությունը» ծավալել էր Աննա անունով, և նրա աջակիցները մատուցողուհուն առաջարկել էին լավ վարձատրվող աշխատանք ԱՄՆ-ում՝ Բավականի քրոջ հովանավորությամբ:

Մատուցողուհին պարտքեր էր ունեցել: Բավականը խոստացել էր գումար տալ, որ կինն իր պարտքերը մարի, խոստացել էր լուծել նրա անձնագրի վավերականության հարցը, ինչպես նաև մեկ օրում կարգավորել նրա՝ ԱՄՆ մեկնելը: 

Մատուցողուհին իր գործընկերուհուն, ինչպես նաև խորտկարանի տիրոջն ուրախ-զվարթ ասել էր, թե ինքը մեկնում է ԱՄՆ՝ ինչ-որ սրճարանում աշխատելու, այնտեղ արագորեն պիտի հարստանա, մինչև անգամ կարող է Հայաստան էլ փող ուղարկել:

Մատուցողուհու գործընկերուհուն և խորտկարանի տնօրենին անհավատալի է թվացել մեկ օրում Ամերիկա մեկնելու գործի կազմակերպումը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել