Տարօրինակ է, որ ՛՛Փակ շուկայի՛՛ հարևանները, առևտրականները, մոռացված մի կուսակցական ու քաղաքագետի տիտղոսով մեկը այդպես էլ չհասկացան, որ ՛՛Փակ շուկայի՛՛ ամբողջ գործընթացը, ինչպես ապօրինի շինարարությունը, իշխանությունների հովանավորությունը այդ ապօրինությանը, մշակույթի կոչվող նախարարության բացառիկ սրտառուչ ու հետևողական, քնքույշ վերաբերմունքը մշակութային օջախի ոչնչացման հեղինակին, այնպես էլ այդ ապօրինություններին ընդդիմացող քաղաքացիների ըմբոստացումները բացառապես ՛՛Փակ շուկա՛՛ կոչվող տարածքի խնդիր չէ: Քաղաքացիների ըմբոստացումը ի դեմս այդ մեկ կոնկրետ օրինակի տարիներով շարունակվող անօրինական իշխանությունների անօրինական գործողությունների դեմ է, տնտեսության մենաշնորհայնացման դեմ է, մանր ու միջին բիզնեսին հարվածող գործողությունների դեմ է, Հայաստանի թե նյութական, թե հոգևոր ու հասարակական մշակույթն արմատապես աղջատող երևույթների դեմ է, Լեզվի ինստիտուտը իր մայր տարածքից վտարելու /իրականում առհասարակ գիտությունից վտարելու/ և Հայաստանի առաջին Գիտությունների Ակադեմիայի շենքը քանդելով ու նրա փոխարեն Գարեգին կաթողիկոսի նստավայր կառուցելով՝ ևս մեկ անգամ գիտությունն ու լեզուն մեր ժողովրդի ինքնության ու մեր պետության խնդիրներում հերթական կաթողիկոսին /նույնիսկ՝ ոչ թե կրոնին/ ստորադասելու ու զոհաբերելու դեմ է, Կեչառիսի և այլ միջնադարյան հուշարձանների հարևանությամբ թանգարանների, մագաղաթների ցուցադրության կամ դրանց կրկնօրինակների վաճառքի վայրեր կառուցելու փոխարեն խաշ-խորովածանոցներ սարքելու դեմ է, հանուն փլվող Սանահինի է, հանուն հայերեն լեզվի ու հայոց մեսրոպյան այբուբենի է, որոնք ամեն օր, նույնիսկ ամեն ժամ նահանջում են լիսկայա-լֆիկական մշակույթի Հայաստանում: Անհնար է թվում, որ այդ մարդիկ չհասկանան՝ իրենց արժեքներով, իրենց ինքնությամբ, իրենց պետականությամբ իրենց քաղաքացիներով խորապես մտահոգ հասարկության շարունակական պարտությունները անդառնալի են դարձնում Հայաստանի խոր կուզիկության աստիճան ծռված ողնաշարի ուղղումը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/251934981625452
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել