1990-ականներին նա Հայաստանը «ողողել» էր իր գրած «Յարո ջան» և «Երևան» երգերով: Դրանք հնչում էին ամենուրեք` ռադիոյով, հեռուստատեսությամբ, հարսանեկան արարողություններին, ռեստորաններում, Երևանի փողոցներով սլացող մեքենաների ձայնարկիչներից, այսինքն բոլորի շուրթերին էին: Էլվինա ՄԱԿԱՐՅԱՆԻ համար 1993-1996 թվականները վերածննդի տարիներ էին, որոնք նրան բերկրանք պատճառելու հետ նույն հուսահատություն բերեցին, որի պատճառով ժամանակին հեռացել էր Խորհրդային Հայաստանից և ապաստան գտել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ճանապարհը կրկին մեկն էր` վերադարձ... այս անգամ Ամերիկա: Էլվինան ոչ միայն հայկական էստրադային նոր շունչ տված երգչուհի էր, այլև տաղանդավոր երգահան, բանաստեղծ: Իրինա Մալխասյանի (երգչուհի, երգահան) բնորոշմամբ նրա նման երկրորդը Հայաստանում չկա և չի ծնվի առաջիկա տասը-քսան տարիներին: 12 տարեկանից հայտնվելով պրոֆեսիոնալ բեմում, կատարելով համաշխարհային ջազ, փոփ և հայկական էստրադային ստեղծագործություններ` Էլվինան փորձում էր յուրովի մեկնաբանել դրանք, նոր հնչողությամբ մատուցել, քանի որ իր համար շատ կարևոր էր արվեստում սեփական խոսքն ասելը, ոչ թե ընդունված ձևաչափերին ենթարկվելը: Դեռ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ընդունելության քննություններին, երբ Էլվինան լսողությամբ, առանց նոտաների վերարտադրում է Շոպենի, Մյասկովսկու, Բախի ստեղծագործությունները, փոխում է ընդունված տոնայնությունը` իր բացարձակ լսողությամբ զարմացնելով հանձնախմբի անդամներին: Սակայն թաքցնելով իրենց հիացմունքը` նրանք առաջարկում են մեկ անգամ էլ նվագել երաժշտությունը` ճիշտ տոնայնությամբ: Էլվինան ենթարկվում է: Բայց մեծանալով` երգարվեստի բոլոր կաղապարների դեմ նրա ըմբոստությունն ասես կյանքի ու մահու կռիվ է դառնում նրա համար: Եթե շատ երգչուհիների համար խորհրդային տարիներին գերնպատակ էր բեմ բարձրանալը, հանդիսատեսի ծափերին արժանանալը, ապա Էլվինայի համար շատ ավելի կարևոր էր, թե բեմից ի՞նչ պետք է ասի իր հանդիսատեսին և ի՞նչ ձևով, որպեսզի տարբերվի մյուսներից: «Խռպոտ ջազ». ահա թե հետագայում ինչպես կբնորոշեն երաժշտական քննադատները Էլվինայի արվեստը, սակայն հենց այդ խռպոտ ջազի շնորհիվ էր, որ նրա երգերն ու կատարումները աշխարհագրական մեծ տարածքներ նվաճեցին ու Էլվինա Մակարյանին առանձնացրին խորհրդային ու հետխորհրդային հայկական էստրադայի «աստղաբույլից»:
Էլվինա Մակարյանը բնիկ երևանցի էր, ինչպես ինքն էր սիրում ասել: Ծնվել է 1950 թվականի օգոստոսի 16-ին, Երևանում: Արմատներով Արևմտյան Հայաստանից էր: Տատերն ու պապերը գաղթել էին` հաստատվելով տարբեր երկրներում: Հորական տատը պոլսահայ էր, պապը` ֆրանսահայ, մորական պապը պարնեցի էր` գեներալ, ում 1937 թվականին գնդակահարել էին, մորական տատը` իգդիրցի, նա Չարենցի կնոջ հետ նույն բանտում է եղել: Էլվինան շատ կապված էր մոր` տիկին Ռոզայի հետ: Մայրը նրա համար և ծնող էր, և քույր, և քննադատ, երկրպագու և հավատարիմ օգնական, խորհրդատու: Դուստրը միշտ պաշտամունքով էր վերաբերվում նրան: Մայրը ներկա էր նրա բոլոր ելույթներին, շրջագայում էր դստեր հետ, օգնում իր խորհուրդներով ու հոգատարությամբ:
Երգչուհու երաժշտական ունակությունները դրսևորվել են փոքր հասակից. մայրը նկատելով աղջկա հրաշալի լսողությունը և երգելու սերը` նրան տանում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց: Դպրոցը համարելով, որ իր սանը բացառիկ ունակություններով է օժտված, ուղեգիր է տալիս Չայկովսկու անվան տասնամյա դպրոց տեղափոխվելու համար: Հենց այդ ժամանակ, երբ նա 12 տարեկան էր, իր առաջին հաղթանակն է տանում երաժշտական ասպարեզում` մասնակցելով դպրոցական քաղաքային օլիմպիադային: Բեմ դուրս գալով` նա կատարում է Շառլ Ազնավուրի և Ռոբերտինո Լորետտիի երգերը` դաշնամուրով նվագակցելով ինքն իրեն և գերազանցելով բոլորին: Դրանից անմիջապես հետո նրան զանգահարում է Մարտին Վարդազարյանը և Էլվինային հրավիրում իր նորաստեղծ ջազային քառյակ, որի կազմում նա առաջին անգամ ելույթ է ունենում հեռուստատեսությամբ` ներկայանալով ջազային ստեղծագործությամբ: Հաղորդումը դիտելով` Ռոբերտ Ամիրխանյանը Էլվինային առաջարկում է ընդգրկվել իր վոկալ-գործիքային «Կռունկ» անսամբլում` ֆիզարձակուրդ գնացած Ռաիսա Մկրտչյանի փոխարեն: Այդ անսամբլում Էլվինան կատարելագործվում է որպես ջազային երգչուհի` կատարելով ոչ միայն հայերեն, այլև անգլերեն (այդ լեզուն հրաշալի գիտեր), ֆրանսերեն, իտալերեն ստեղծագործություններ: Ընդ որում մնացած լեզուներով երգերն անգիր էր անում` լեզուները չիմանալով, սակայն այնպես էր մատուցում, որ բոլորը մտածում էին, թե նա այդ լեզուների գիտակ է: «Կռունկի» կազմում նա մեկնում է հյուրախաղերի` Միության երկրներով և արտասահման, որտեղ ջերմ ընդունելության է արժանանում:
Բայց միշտ չէր, որ հյուրախաղերը բարեհաջող ավարտ էին ունենում: Մի անգամ Մոսկվայում, ուր պետք է կայանար «Կռունկի» համերգը և երբ վաճառվել էին գրեթե բոլոր տոմսերը (մոտ 15000 հանդիսատեսի համար) ելույթից 5-10 րոպե առաջ համերգասրահի մուտքի մոտ հայտնվում են երկու «չայկա» մեքենաներ, դուրս են գալիս մի քանի պաշտոնյաներ և արգելում համերգը` հայտարարելով, թե «սրանք ամերիկանշինա են նվագում»: Այն ժամանակ քննադատությունը շատ խիստ էր, ուստի համերգը խափանվեց, տոմսերը հետ վերադարձվեցին: Համույթը վերադառնալու գումար չուներ: Այն ժամանակվա կոմերիտմիության կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Փահլևանյանը, ով պատասխանատու էր խմբի համար, մասնակիցներին տեղավորում է հյուրանոցում, մինչև Երևանից գումար կուղարկեին: Այդ ընթացքում խմբի անդամներն ամեն երեկո նկատում են, որ իրենց կրտսեր գործընկերուհին` Էլվինան, ժամը 11-ից հետո անհետանում է: Այդպես մի քանի օր, մինչև պարզվում է իրողությունը. այդ փոքրամարմին աղջիկը համարձակություն էր ունեցել այնպիսի քայլի դիմելու, որի համար նրան կարող էին խիստ պատժել: Խմբի Մոսկվայում գտնվելու ժամանակ ԱՄՆ-ի դեսպանատանը տեղեկանում են, որ մի խումբ է եկել, որի անդամներից մեկն ամերիկյան երգեր է կատարում: Նրանք պայմանավորվում են Էլվինայի հետ և ամեն երեկո` ժամը 11-ին մեքենայով ծածուկ գալիս նրա հետևից, տանում դեսպանատուն, որտեղ աղջիկը դաշնամուրով էր նվագում, երգում: Որից հետո նրան վճարում էին դոլարով և ժամը 3-ին հետ բերում: Էլվինան այդ ամենն անում էր խմբի համար, որ ուտելու և կացարանի փող ունենային: 
«Կռունկում» Էլվինան երգեց երկու տարի: Անսամբլի ելույթներից մեկի ժամանակ Հայաստանի պետական էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը լսելով հզոր ձայնով աղջկան` նրան հրավիրում է իր անսամբլ: Էլվինան դրա մասին երազել անգամ չէր կարող. նա այդ ժամանակ դեռ 16 տարեկան էր: Օրբելյանի նվագախումբը դարձավ այն հարթակը, որտեղից Էլվինա Մակարյանն իր հաղթական թռիչքը կատարեց: Ընդգրկվելով էստրադային սիմֆոնիկ նվագախմբում` նա սկսում է շրջագայել աշխարհի տարբեր երկրներով` կլանելով, սովորելով այն ամենը, ինչ «ձեռքի տակ» էր ընկնում: Եվրոպական երաժշտության նոտաներն այն տարիներին դժվարհասանելի էին խորհրդային արվեստագետներին, և համաշխարհային մշակույթին առնչվելու լավագույն ձևը թերևս հյուրախաղերի ժամանակ օտարազգի երգիչների ու երաժիշտների հետ շփվելու, նրանց ստեղծագործություններն ունկնդրելու հնարավորությունն էր: Էլվինան սիրահարված էր ամերիկյան ջազին, որի ազդեցությունն ավելի ու ավելի նկատելի էր դառնում նրա ոճի վրա: Սկզբնական շրջանում դա հմայք էր ավելացնում Էլվինայի կատարումներին: Նրանով հիանում էին երաժշտական արվեստի մեծությունները` Արամ Խաչատրյանը, Տաթևիկ Սազանդարյանը, Հովհաննես Բադալյանը: Արամ Խաչատրյանն Օրբելյանի նվագախմբի փորձերից մեկի ժամանակ լսելով 16-ամյա Էլվինայի կատարմամբ Էլլա Ֆիցջերալդի «Բոսանովան»` հիացած բացականչել է. «Այս ի՞նչ հրաշք է, ինչո՞ւ այս հրաշքի մասին ես ոչինչ չգիտեմ»: 
Տարիների ընթացքում Էլվինան երկրպագուների մեծ բանակ ձեռք բերեց` իր արտասովոր ձայնով, բարձր տեմբրով և կատարման վարպետությամբ գրավելով հանդիսատեսի սրտերը: Այդ ժամանակ երգչուհին միաժամանակ սովորում էր Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում` դաշնամուրի բաժնում և երգելուն զուգահեռ փորձում ստեղծագործել` գրելով երգերի թե խոսքերը, թե երաժշտությունը: Բայց դրանք առաջին քայլերն էին, որոնք անհրաժեշտ էր հղկել ու կատարելագործել: Այնպես որ նա նախընտրում է ոչ ոքի ցույց չտալ իր «գլուխգործոցները» և շարունակում է երգել իր համար տարբեր կոմպոզիտորների գրած ստեղծագործությունները: 
Էլվինա Մակարյանի աստեղային ժամը 1970-ականներն էին` երգչուհին մասնակցում է միջազգային բազմաթիվ փառատոների, ելույթ ունենում աշխարհի տարբեր բեմերում և օտարազգի հանդիսատեսին հիացնում իր երգարվեստով: Իսկ 1973 թվականին 23 տարեկան Էլվինան «Օստանկինոյում» կայացած «Երիտասարդ ձայներ» համամիութենական մրցույթում արժանանում է գլխավոր մրցանակի` Ռոբերտ Ամիրխանյանի «Ո՞ւր եք, տղաներ» երգի կատարմամբ: Մինչ այդ հայաստանցի ոչ մի երգչի չէր հաջողվել այդպիսի հաջողության հասնել: Հանձնախմբի նախագահ Մ. Թարիվերդիևը հիացած էր հայ երգչուհու կատարողական ուրույն ոճով: Էլվինան այնքան էր հուզել համբավավոր երգահանին, որ Թարիվերդիևը մեծ հետաքրքրությամբ այդ օրվանից ուշիուշով հետևում է նրա հաջողություններին: Իսկ «Ո՞ւր եք, տղաները» սկսում է հնչել ամբողջ ԽՍՀՄ-ում և սոցիալիստական ճամբարի մյուս երկրներում: Միութենական բոլոր թերթերն իրենց պարտքն են համարում անդրադառնալ Էլվինայի կատարած երգին ու նրա հաջողությանը` գրելով, որ հայուհու երգը հասկանալու համար թարգմանություն պետք չէ` նրա զգացմունքայնությունն ու տաղանդը ցանկացած թարգմանությունից խոսուն են: Ի դեպ, քննադատներն Էլվինայի մասին խոսելիս` անպայման շեշտում էին նրա կատարողական արվեստի յուրակերպությունը: Նա այնպիսի հմտությամբ էր մատուցում ցանկացած երգ, որ թվում էր` ոչ միայն շուրթերն էին երգում, ոչ միայն մարմինն էր ցուցադրում երգածի բովանդակությունը, այլև հոգուց բխած հույզերը, որոնք խոսում էին ունկնդրի հոգու հետ` նրան հասկանալի լեզվով: Էլվինայի երգերը մնջախաղի փոքրիկ ներկայացումներ էին: 
Այդ մրցույթից հետո Էլվինային ճանաչում էին ամենուրեք: Բավական էր` ԽՍՀՄ-ի մայրաքաղաք Մոսկվայում նա որևէ խանութ մտներ` երկրպագուներն անմիջապես շրջապատում էին երգչուհուն, ինքնագիր խնդրում և իրենց հիացմունքն արտահայտում: Ի դեպ երբ Ռոբերտ Ամիրխանյանը նոր էր գրել «Ո՞ւր եք, տղաներ» երգը և Էլվինան նույն կատարողականությամբ հնչեցրել էր այն Երևանի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կայացած համերգում, հանդիսատեսն անտարբերությամբ էր ընդունել: Հաղթանակից հետո, երբ այն նորից հնչեց Երևանում` դահլիճում ծափերի որոտ բարձրացավ: Երբ հեռուստատեսությամբ ուղիղ եթերում երգչուհուց հարցազրույց վերցրեցին` նա չկարողացավ թաքցնել իր զարմանքը` ասելով` անպայման պետք է գնաս, ուրիշ տեղ հաղթես, որ Հայաստանում քեզ ընդունեն: Այդ խոսքերը սառը ցնցուղի ազդեցություն ունեցան պաշտոնատար որոշ անձանց վրա, և թշնամիների բանակ ապահովեցին երգչուհու համար, ովքեր հետագայում «վարձահատույց» եղան` թունավորելով Էլվինայի կյանքը: 

Հրատարակված է Հուլիս 09, 2008

Սկիզբը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել