Առոմորֆոզներ և իդիոադապտացիաներ: 

Առոմորֆոզը էվոլյուցիոն գործընթաց է, որի ժամանակ տեղի է ունենում կենսական պայմանների ընդլայնում՝ կապված օրգանիզմի կառուցվածքային բարդացման և կենսագործունեության ակտիվացման հետ: Իդիոադապտացիան նույնպես էվոլյուցիոն գործընթաց է, որի ժամանակ տեղի են ունենում օրգանիզմի ֆունցկիաների և օրգանների մասնակի փոփոխություններ՝ նախնական ձևերի ամբողջության պահպանման պայմաններում (այս գործընթացի շնորհիվ են առաջացել, մասնավորապես, նույն կենդանու տարբեր տեսակները): 

Կենսագործունեության և զարգացման այս երկու տարբերակները վերաբերում են ոչ միայն բնությանը, այլև մարդուն և հասարակությանը: Այս իմաստով բավականին հետաքրքիր է ուսումնասիրել առոմորֆոզները և իդիոադապտացիաները և տեսնել դրանց արտահայտությունը հասարակական կյանքում:Էվոլյուցիայի հիմնական ուղղությունն է օրգանիզմի վիճակների հաջորդականության և արտաքին աշխարհի փոփոխությունների հաջորդականության լավագույն զուգակցումը: Այս երևույթն իր մեջ կրում է մոտակա և հեռավոր նպատակների հակասություն, այն է՝ մարտավարական հաղթանակը կարող է դառնալ ռազմավարական պարտություն, ինչպես նաև ռազմավարական հաղթանակը, որը կարող է լինել, իսկ կարող է նաև չլինել, այս պահին հանդես գա, արտահայտվի մարտավարական պարտությամբ: Նման հակասություններն առավել ակնհայտ են զարգացման իրար հաջորդող երկու փուլերի ժամանակ՝ առոմորֆոզների և իդիոադապտացիաների:

Այդպես, առոմորֆոզ ասելով հասկանում ենք կենդանի օրգանիզմում ռազմավարական տեսակետից հաղթանակող փոփոխությունների գործընթաց, որը տեղի է ունենում հատուկ պայմաններում մի քանի սերունդների կյանքը ընթացքում: Իսկ իդիոադապտացիան կենդանի օրգանիզմի անընդհատ և դանդաղ փոփոխությունն է, որն այս պահին տալիս է որոշակի առավելություններ (մարտավարական հաղթանակ): Որպես կանոն, իդիոադապտացիան հանգեցնում է էվոլյուցիոն փակուղու (մարտավարական հաղթանակը հանգեցնում է ռազմավարական պարտության), մինչդեռ առոմորֆոզը միշտ ենթադրում է ելք էվոլյուցիոն փակուղուց:Մարդը, որպես էվոլյուցիայի արդյունք, իր վրա կրում է և՛ առոմորֆոզների, և՛ իդիոադապտացիաների արդյունքներ: Առոմորֆոզի հետքը զարգացման ունակությունն ու կարիքն է: Իդիոադապտացիաների հետքը՝ հարմարվելու անհրաժեշտությունն ու ունակությունը: Մարդու ուղեղի համար զարգացում նշանակում է նոր հմտությունների ձեռքբերում: Մինչդեռ ադապտացիան (հարմարվողականությունը) ենթադրում է արդեն առկա բնածին և ձեռքբերովի հմտությունների կիրառում: Զարգացման այս երկու տեսակների լավագույն օրինակներից մեկը երեխայի մեծանալն է. ինչ-որ մի շրջանում նա ինքնուրույն չի քայլում, սակայն գալիս է մի պահ, երբ նա համառորեն սկսում է փորձել քայլել, թեպետ դա նրա համար նոր բան է, անսովոր, ոչ հարմար ու ցավոտ: Բայց միևնույն է՝ երեխան հաղթահարում է այդ անհարմարությունը, և դա հենց զարգացումն է՝ գործունեության նոր տեսակի յուրացում: Առհասարակ համարվում է, որ նման առոմորֆոզներից պատմականորեն վերջինը մարդու մոտ լեզուն է, և երբ մարդ ձեռք է բերում լեզու (խոսք), դրանից հետո նա միայն հարմարվում է:Այսպիսով, մարդն ունի կենսագործունեության երկու ռազմավարություն՝ զարգացում և ադապտացիա: Զարգացման ռազմավարությունն իրականացնում են առավելապես տղամարդիկ, հարմարվողականության ռազմավարությունը՝ կանայք:

Հարմարվողականությունը երաշխավորում է անհատի գոյությունը, զարգացումը՝ տեսակի:Միայն հարմարվողականությունը որպես կենսակերպ ընդունելն ի վերջո տանում է դեգրադացման, քանի որ խոսքը միայն փոփոխվող իրականությանը համարժեք փոփոխվելու, բայց ոչ՝ այդ իրականությունը փոխելու մասին է: Մի կարևոր հանգամանք ևս՝ զարգացումը առոֆորմոզի տեսքով ենթադրում է սեփական կենսագործունեության պայմանները չդիտել որպես միակ տրվածը, այլ նաև դուրս գալ այդ սահմաններից և որպես քո տեսակի կենսագործունեության պայմաններ դիտարկել այլ տարածքեր նույնպես:       

  Եթե հիշենք, որ լավագույն հարմարվողները կանայք են և նրանց կողմից դաստիարակված ու կրթված տղամարդիկ, ու եթե վերը նշվածը կիրառելու լինենք հայ հասարակության նկատմամբ, ապա կստանանք մոտավորապես հետևյալ պատկերը. հասարակական կյանքի տարբեր ոլորտներում (կրթություն, քաղաքականություն և այլն) կանանց թվի ավելացումը և նրանց կողմից որոշումների ընդունումը հղի է հենց հարմարվողականության քաղաքականության տարածմամբ, ինչի վառ օրինակ են միջնակարգ դպրոցներում տղամարդ-դասատուների բացակայության պայմաններում տղա երեխաների զարգացման ընթացքում ծագող հոգեբանական խնդիրները, քանի որ կին-դասատուները հակված են զսպելու նրանց մոտ զարգացումն առոֆորմոզների (նոր հմտությունների ձեռքբերման ու կիրառման) տարբերակով՝ փոխարենը տարածելով հարմարվելու, հաշտվելու, չպայքարելու հմտություններ:Հարմարվողականության որպես կենսագործունեության հիմնական ռազմավարության հետ հայ հասարակության մեջ տարածված մեկ այլ օրինաչափություն նկատելի է ընտանիքներում: Սոցիալական պայմանների բերումով երեխաների հայրերը միշտ չէ, որ կարողանում են բավարար ժամանակ տրամադրել երեխաների և հատկապես տղա երեխաների դաստիարակությանը, ինչի հետևանքով վերջինս իրականացվում է առավելապես մոր կողմից և կրկին հանգեցնում է տղա երեխայի մոտ ոչ թե պայքարելու, այլ հարմարվելու հմտությունների ձևավորմանը:         

Ավելորդ է նշել, որ նման պայմաններում ձևավորվող հասարակությունը հեռու է իր զարգացման ուղիներում նորարարությունների կիրառումից, այլ հակված է ընդամենը հարմարվելու նորանոր մեխանիզմներ գտնել՝ կենսագործունեության այլընտրանքների կիրառման փորձ չունենալով: Այն, թե ինչպես ենք մենք՝ Հայաստանի հայերս, հարմարվել անորակ ու թանկ կրությանը, համատարած կոռուպցիային, դատական համակարգի տարօրինակ գործելաոճին և սոցիալական իրականության մեջ առկա բազմաթիվ այլ բացասական երևույթներին, վկայում է, որ մեր կենսագործունեության միակ արդյունքը կարող է լինել անհատական գոյատևումը, բայց ոչ՝ տեսակի (ՀՀ քաղաքացու կամ հայ մարդու) զարգացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել