Panorama.am-ը գրում է.
18-ամյա գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն արդեն 4-րդ անգամ լուրջ մրցաշարերից արծաթե մեդալ է բերում. 2011 թ. Եվրոպայի Մ16, 2012 թ. Եվրոպայի ու աշխարհի Մ18 և բոլորովին վերջերս՝ 2013 թ. Եվրոպայի Մ18 առաջնություններից։ Թե ինչ է այդ կապակցությամբ մտածում Հովհաննեսը և ինչ մեդալ սպասենք նրանից դեկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունում, ներկայացնում է «Շախմատային Հայաստանը»:
- Հովհաննես, շնորհավորում եմ քեզ Եվրոպայի փոխչեմպիոն դառնալու առթիվ։ Ի՞նչ կպատմես մրցաշարից, ի՞նչ դժվարություններ եղան։
- Շնորհակալ եմ։ Մրցաշարը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում էր։ Մենք մի քանի օր շուտ էինք գնացել՝ այստեղ տասնօրյա հավաքներ անցկացնելու փոխարեն։ Դա օգնեց, որ կլիմային, ընդհանուր միջավայրին հարմարվենք։ Մինչև բուն առաջնության սկսվելն այնտեղ մրցումներ եղան. ես կայծակնայինում 3-րդ տեղը գրավեցի, Հարությունյան Տիգրանը, Գրիգորյան Կարենը արագ շախմատում լավ արդյունք ունեցան։ Տեղը ծովային էր, խաղերից առաջ մի օր գնացինք ծովափ, որ առաջնության ընթացքում հանգստանալու ցանկությունը մեզ չշեղի։
Սեպտեմբերի 29-ին սկսվեց դասական մրցաշարը։ Առաջին 4 պարտիաները շահեցի և միշտ առաջատարների խմբում էի: Վերջին պարտիաս ռուսաստանցի Ֆեդոսեևի հետ էր։ Ես 6,5 միավոր ունեի, նա` 7, մյուս առաջատարները` 6։ Միայն հաղթանակի դեպքում կկարողանայի ոսկի նվաճել։ Մրցակիցս առաջարկեց ոչ-ոքի, ես հրաժարվեցի, քանի որ առաջին և երկրորդ տեղերի տարբերությունը մեծ է, և ինչ էլ լիներ, խաղալու էի։ Պարտիան այնպես դասավորվեց, որ պարտված դիրք ստացա։ Ոչ-ոքիի համաձայնվեցինք, որովհետև նրա համար տարբերություն չկար` ոչ-ոքի, թե հաղթանակ. արդեն առաջինն էր։ Այդ պարտիայում ռիսկի շատ դիմեցի։ Պետք էր նահանջողական խաղալ, իսկ ես բոլոր կամուրջներն այրել էի։
Հայրենակիցներիս խաղերին հետևում էի` հատկապես իմ տարիքայինում խաղացող Կարենի և Մ16-ում ելույթ ունեցող Տիգրանի։ Կարենը 3-դը կլիներ, եթե վերջին պարտիայում հաղթանակ տոներ: Ի վերջո` 5-րդ տեղը գրավեց։
Կենցաղային խնդիրներից կարող եմ ասել այն, որ սնունդից բոլորը բողոքում էին։ Խաղերից առաջ իջնում էինք ծովափ` պիցցա կամ սենդվիչ ուտելու։
- Ինչպե՞ս կմեկնաբանես անընդհատ 2-րդ տեղում լինելը։
- Կարող եմ ասել, որ ոչ թե հոգնել եմ 2-րդ տեղից, այլ առաջինը լինել եմ ուզում։ Միշտ ոսկու եմ ձգտում ու չգիտեմ, թե ինչը չի բավականացնում, ինչն է պակաս։ Երևի նյարդերից է։ Հատկապես լարված պարտիաների ժամանակ մտորումներս տասնապատկվում են. սկսում եմ մտածել՝ եթե հաղթեմ, սա կլինի, եթե պարտվեմ, հույսս կարող եմ կտրել։ Այդ պահերին դժվարությամբ է ստացվում շախմատի վրա կենտրոնանալ։
Անցյալ տարվա մրցաշարերից մեկի ավարտին մի խոսք լսեցի՝ բախտավորն առաջին տեղն է գրավում, ուժեղը՝ երկրորդ։ Չեմ ուզում մեծամտորեն հնչի, բայց այդ պահին դա լրիվ իմ մասին էր։ Ես մրցակիցներիս 5 ժամանոց շատ դժվար պարտիաներում էի հաղթում։ Իսկ հակառակորդիս մոտ մի անգամ մրցակիցը բացակա էր, մի անգամ շատ արագ հաղթանակ տարավ։ Դրանից լարվում էի՝ տեսնելով, որ ես դեռ խաղում եմ, իսկ նա 2 ժամում հաղթեց ու գնաց։ Բոլորն էլ ասում էին, որ ես տանջվելով էի խաղում, իսկ իր համար առաջնությունը շատ հանգիստ անցավ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ