1in.am-ը գրում է.

Հոկտեմբերի 22-ին Եգիպտոսի դատախազությունը չորս ոստիկանների ձերբակալելու հրաման է արձակել, որոնք մեղադրվում են Կահիրեում օգոստոսյան խռովություններից հետո ձերբակալված «Մուսուլման եղբայրներ» շարժման 38 անդամների սպանության մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:

Հետաքննության տվյալներով՝ բոլոր 38 մարդիկ գտնվել են կալանավորներ տեղափոխող ավտոմեքենայի մեջ, երբ ոստիկանները արցունքաբեր գազ են նետել դրա մեջ: Քանի որ ավտոմեքենայում օդափոխություն չի եղել, նրանք շնչահեղձ են եղել:

ՆԳՆ ղեկավարությունը փորձել է իրադարձությունների այլ տարբերակ ներկայացնել՝ պնդելով, որ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, քանի որ բանտարկյալները փորձել են փախչել:

Սակայն դատախազությունը ստուգումներ իրականացնելուց հետո եկել է այլ եզրահանգման և ձերբակալությունների հրաման արձակել:

Հիշեցնենք, որ օգոստոսին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մի քանի օր շարունակվել են բախումները «Մուսուլման եղբայրներ» շարժման ակտիվիստների և ոստիկանության միջև, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել