1in.am-ը գրում է.
Ամբողջ աշխարհում հոկտեմբերի 22-ը նշվում է որպես դպրոցական գրականության միջազգային օր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ողջ աշխարհում թղթե գրականությունից անցում է կատարվում դեպի էլեկտրոնային գրականություն, և Հայաստանը ևս պետք է այս մրցավազքին հասցնի: Նա իր հետ բերել էր մանկական գրքեր, որոնք համադրված են ժամանակակից ձայնային համադրումներով, գույներով և նկարներով:
Բանախոսն ասաց, որ Ռուսաստանում արդեն մի քանի տարի հետո թղթե գրականություն չի տպագրվի, մարդիկ էլեկտրոնային գրքեր են գնում, և քսանմեկերորդ դարի քաղաքացուն հնարավոր չէ ուղղակի թղթե գրքով բավարարել. «Հայաստանը ժամանակ չունի սպասել էվոլյուցիոն գրոծընթացներին, նա ուզում է փոփոխություններ տեսնել: Պետք է լավ բովանդակությունը նոր ձևերով մատուցել, և եթե այսօր մենք չվերադառնանք ընթերցանությանը, մեր մտավոր կարողությունները կնվազեն»:
Նրա հավաստմամբ՝ եթե իշխանությունը գնահատում է գիտելիքը, հասարակությունը թեքվում է դեպի գիտելիքը, և եթե մեր իշխանությունները լինեն կարդացող և գրող, հասարակությունն էլ այդպիսին կլինի:
Ասուլիսին ներկա էր նաև բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանը, որը նշեց, որ իրեն շատ չի ուրախացնում գրքերի՝ էլեկտրոնային դառնալու փաստը: Նա համոզված է, որ թղթե գրքերը կպահպանվեն. «Ինձ համար ամենակարևորը գրականության բովանդակությունն է: Ես թղթի վրա եմ գրում, դրանից հետո հրատարակիչներն ինչպես կմատուցեն ընթերցողին՝ իմ խնդիրը չէ»:
Նա փաստեց, որ Հայաստանում մանկագիրներն արդեն տարիքով մեծ են, իսկ հաջորդողներ գրեթե չկան: Արմեն Մարտիրոսյանը ևս ընդգծեց, որ Հայաստանում մանկագիրների միջին տարիքը 72 և ավելի է: