Pastinfo.am-ը գրում է.

Սմբատ Մարգարյանը երկամարտի 239 կգ արդյունքով 11-րդ տեղն է գրավել Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնության մինչև 56 կգ քաշային կարգում:

B խմբում հանդես եկած հայ մարզիկը կայուն է կատարել պոկում վարժությունը՝ հաջորդաբար գլխավերևում պահելով 100, 104 և 107 կգ կշռող ծանրաձողը: Այդ արդյունքը, սակայն, միայն 11-րդ տեղն է ապահովել նրան՝ 18 մասնակիցների հաշվարկում: Առաջին եռյակը կազմել են չինացի Քսինքուան Լոնգը (130 կգ), հյուսիսկորեացի Չոլ Յուն Օմը (127 կգ) և վիետնամցի Տուան Կիմ Թաչը (126 կգ): 

Հենց այս եռյակն էլ տարբեր հերթականությամբ պատվանդանին է կանգնել նաև հրում մրցաձևի և երկամարտի հանրագումարում: Երկրորդ վարժությունը Մարգարյանը սկսել է 132 կգ կշռող ծանրաձողին հաջող մոտեցմամբ, բայց հաջորդ երկու բեմելների ժամանակ 140 կգ քաշ ունեցող երկաթաձողը բարձրացնել չի կարողացել: Այս վարժությունից հայ մարզիկը 13-րդն է: 

Հանրագումարում, 289 կգ ցուցանիշով ոսկե մեդալին արժանացել է 2012 թվականի լոնդոնյան օլիմպիադայի հաղթող Չոլ Յուն Օմը, իսկ արծաթե և բրոնզե պարգևները բաժին են հասել Լոնգին (287 կգ) և Թաչին (283 կգ):

Ստուգատեսի մեր մյուս երկու մասնակիցներից Վանիկ Ավետիսյանը (69 կգ) մրցահարթակ կբարձրանա հոկտեմբերի 23-ին, իսկ գերծանրքաշային Հայկ Հակոբյանը՝ 27-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել