Kiss.am.-ը գրում է

Երկու տարի առաջ՝ 2011 թ.-ին մահացավ հանրաճանաչ, սիրված երգչուհի, «Գրեմիի» հնգակի մրցանակակիր և բազմաթիվ այլ պարգևների արժանացած Էմի Ուայնհաուսը: Նա մահացավ 27 տարեկանում` իր լոնդոնյան բնակարանում, սակայն հասցրեց երաժշտական ցնցող ժառանգություն թողնել, որը տեղ է գտել երեք ձայնասկավառակներում` Frank, Back to Black և Lioness: Hidden Treasures: Էմիի երկրորդ` Back to Black ստուդիական ալբոմն անվանվեց 20-րդ դարի բրիտանական լավագույն ալբոմը և առաջադրվեց «Գրեմիի» վեց անվանակարգում: Դրանցից հինգում հաղթելով` Ուայնհաուսը դարձավ բրիտանական առաջին երգչուհին, ով այդքան «Գրեմի» ստացավ և գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում:

Ի դեպ վերջերս հայտնի երաժիշտ և պրոդյուսեր Մարկ Ռոնսոնը հաստատեց, որ Էմի Ուայնհաուսի ազգականները մի նյութ ունեն, որը երգչուհին պատրաստում էր իր հաջորդ ստուդիական ալբոմի համար: Բոլոր ձայնագրություններն այժմ ընտրվում են, որպեսզի տեղ գտնեն հերթական հետմահու ալբոմում: «Ես կարծում եմ, որ Էմին անպայման կնվաճի երաժշտական ամենաբարձր հորիզոնականները», ընդգծել է Ռոնսոնը:
Նոյեմբերի 19-ին վաճառքի կհանվի Amy Winehouse At The BBC անունով ևս մեկ ալբոմ, որը կպարունակի երեք DVD և մեկ CD ձայնասկավառակ: 
Իսկ հուլիսի 3-ին լոնդոնյան Հրեական թանգարանում բացվեց երգչուհուն նվիրված` Family Portrait ցուցահանդեսը, որը կգործի մինչև սեպտեմբերի 15-ը: Family Portrait-ը բացահայտում է Էմիի անձնական կյանքը: Ըստ ավագ եղբոր` Ալեքսի` «Նա մեծ տաղանդի տեր փոքրիկ հրեա երեխա էր` Հյուսիսային Լոնդոնից»: Հուլիսի 3-ից սեպտեմբերի 15-ը Հրեական թանգարանում կարելի է տեսնել Ուայնհաուսի մանկության, պատանեկության, ինչպես նաև կարճատև, բայց հեքիաթային երաժշտական 8-ամյա կարիերայի իրերը: Այստեղ են նրա առաջին կիթառը, և հետմահու ստացած Գրեմիի մրցանակը, ինչպես նաև զգեստը, որով երգչուհին ելույթ է ունեցել Գլաստոնբերի փառատոնում: 
Պարզվում է՝ Ուայնհաուսը կարդում էր Հանթեր Թոմփսոնի գործերը, Վլադիմիր Նաբոկովի և Էդմունդ Ուիլսոնի նամակագրությունը, լսում էր Velvet Underground-ի և Drifter-ի ձայնասկավառակները: Այդ, ինչպես նաև նրա հավաքածուի մյուս գրքերն ու ձայնասկավառակները ևս ցուցադրվում են: Հատուկ տեղ է հատկացված Էմիի մանկական և ընտանեկան լուսանկարներին: Դա Էմիի պատմությունն է, որը մարդիկ երբեք չեն իմացել: 
Ի դեպ Էմի Ուայնհաուսը, ով ըստ պաշտոնական եզրակացության` մահացել էր ոգելից խմիչքի թունավորումից, տառապում էր ոչ միայն ոգելիցի և  թմրանյութերի կախվածությունից: Պարզվում է՝ նրա օրգանիզմն ի թիվս այլ բաների՝ 17 տարեկանից կործանել է նաև բուլիմիան: 
Քրոջ մահից երկու տարի անց Ալեքսը տխուր մանրամասներ է պատմել այն մասին, թե ինչպես է Էմին սնվելուց հետո արհեստական փսխում  առաջացրել, ինչը հյուծել է երգչուհու մարմինը:
Հետաքրքիր փաստեր՝ Էմի Ուայնհաուսի կյանքից
Էմին երգի դասեր է անցել Սյուզի Էրնշոուի թատերական դպրոցում, հենց այնտեղ էլ ինը տարեկանում ստեղծել է իր առաջին ռեփ թիմը:
Սեփական երգեր սկսել է գրել 14 տարեկանում: Այն ժամանակ նրա խումբը կոչվում էր Bolsha Band
Որոշ ժամանակ աշխատել է World Entertainment News Network-ի շոու բիզնեսի բաժնում՝ որպես թղթակից: 
Էմիի սիրած ստեղծագործությունն ամերիկացի երգչուհի Քերոլ Քինգի So Far Away երգն էր: Հենց այդ ստեղծագործությունն է հնչել նրա թաղման արարողության ժամանակ:
2006 թ. թողարկված Back To Black ալբոմը 13 շաբաթվա ընթացքում գլխավորել էր European Top 100-ը և Ավստրիայում, Բելգիայում, Հորվաթիայում, Դանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Նորվեգիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Իսպանիայում և Շվեյցարիայում լսողների քանակով զբաղեցրել առաջին տեղը: 2007 թ. ձայնասկավառակը դարձավ ամենավաճառվողը՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում վաճառվել էր 2 մլն օրինակից ավելի: 
Երբ 2008 թ. Grammy Awards-ի ժամանակ Էմիին լավագույն արտիստ կոչումը շնորհեցին, իսկ Rehab երգը միանգամից երեք մրցանակի արժանացավ` տարվա երգ, կանացի լավագույն ձայն և լավագույն կատարում, երգչուհին գտնվում էր  Մեծ Բրիտանիայում. ԱՄՆ-ը մերժել էր նրա այցագիրը:  2008 թ. բրիտանացի երգիչ Բրայան Ադամսը Էմիի պատվին երգ էր գրել՝ Flower Grown Wild և փորձել էր նրան օգնել` թմրամոլության դեմ պայքարում:  
Էմի Ուայնհաուսը՝ իր կյանքի և մահվան մասին
Հազվադեպ էր հարցազրույցներ տալիս: Սակայն եթե խոսում էր` միշտ դիպուկ և անկեղծ: Նրա արտահայտությունների ընտրանին ներկայացնում է TimeOut-ը:
Երազանքների մասին
«...գնայի Վեգաս, սեփական խաղատուն բացեի և ամեն օր այնտեղ ելույթ ունենայի»: (2007 թ., մարտ, musicomh)
Կյանքի մասին
«Ես գիտեմ, որ տաղանդավոր եմ, բայց երաժշտությունն այն չէ, ինչի համար ապրում եմ: Առաջին հերթին ես ուզում եմ լավ կին և մայր լինել»: (2007 թ., հունիս, Rolling Stone)
Երեխաների մասին
«Ամենամեծ սխալը, որ կարող են ծնողներն անել՝ երեխային վատ երաժշտության ներքո բեղմնավորելն է»: (2007 թ., մարտ, itv. om)
Վատ սովորությունների մասին
«Ինձ հարկավոր չէ ինչ-որ մեկի օգնությունը: Որովհետև եթե ես չկարողանամ ինքս ինձ օգնել` ոչ ոք չի կարող դա անել»: (2008 թ., հունվար, Dailymail
Երրորդ ձայնապնակի մասին, որն այդպես էլ չթողարկվեց
«Այժմ ես շարունակում եմ գրել: Բայց հիմա քանակից որակին եմ անցել: Այնպես որ երրորդ ձայնապնակում դժվար թե մեկ դյուժինից շատ թրեկ լինի: Նախկինում մեկ օրում չորս երգ էի գրում, բայց բոլորն այրում էի, որովհետև վատն էին»: (2010 թ., հոկտեմբեր, Time Out)
Նկրտումների մասին
«Ես այդպիսիք չունեմ: Եթե վաղը մահանամ` ամենաերջանիկ աղջիկը կլինեմ»: (2010 թ., հոկտեմբեր, Harpers Bazaar)
Մահվան մասին
«Երբ ես մահանամ՝ ոչ ոք այդպես էլ չի իմանա, թե ինչ զոհողություններ եմ արել՝ երաժշտություն ստեղծելու համար: Դա ինձ համար ամենասարսափելին է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել