Lragir.am-ը գրում է.
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ այդ կազմակերպության արագ արձագանքման ուժերը զինելու ծրագիրը կարող է հետաձգվել այն պատճառով, որ չեն կարողանում ֆինանսավորում գտնել: Դա թանկ նախագիծ է, ասել է Բորդյուժան:
Ի սկզբանե, զենքի մի մասը պետք է գնեին ՀԱՊԿ անդամ երկրները, մյուս մասը պետք է մատակարարեր Ռուսաստանը: Սակայն, երեւում է, պետությունները հրաժարվում են զենք գնել իրենց միջոցներով, իսկ Ռուսաստանը չի ցանկանում վճարել բոլորի փոխարեն:
Մինչ այժմ Ռուսաստանին հաջողվում էր վարել առեղծվածային քաղաքականություն՝ նա իր ազդեցության գոտում էր պահում տարբեր երկրներ, ընդ որում չվճարելով դրա համար, այլ հակառակը՝ ստանում էր տնտեսական օգուտներ: Օրինակ կարող է լինել Հայաստանը, որտեղ Ռուսաստանի ռազմական բազան պահվում է Հայաստանի միջոցներով, բացի այդ, Երեւանը պարբերաբար հրաժարվում է իր ռազմավարական ակտիվներից հօգուտ Մոսկվայի:
Սակայն քաղաքականությունը փոխվում է եւ դառնում ավելի պրագմատիկ, եւ երեւում է եկել է ժամանակը, երբ «գործընկերները» սկսել են հաշիվ ներկայացնել Ռուսաստանին: Դա արդեն նկատվում է Բելառուսի, Ղազախստանի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններում, չխոսելով արդեն Ուկրաինայի մասին: Ոչ ոք արդեն չի ուզում անվճար լինել «արբանյակ»: Առայժմ միայն Հայաստանն է, որ ոչ միայն վճարում է Ռուսաստանի հաշիվները, այլեւ արդարացնում է նրա գաղութային քաղաքականությունը:
Սա առաջին ու վերջին փոսը չէ, որի մեջ հայտնվում է ՀԱՊԿ-ը: Առանձնապես վշտանալու բան չկա, եթե Հայաստանն իր անվտանգությունը չկապեր բացառապես ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ: Փորձագետները միաձայն պնդում են, որ ժամանակակից աշխարհում չի կարելի անվտանգությունը կառուցել մեկ գործընկերոջ հետ, այն էլ՝ այնպիսի «անվճարունակ» գործընկերոջ, ինչպիսին Ռուսաստանն է:
Հնարավոր է, Հայաստանում սկսում են այս մասին մտածել: Համենայնդեպս, Երեւան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին Հայաստանն ինչ որ նոր առաջարկներ է արել: ՆԱՏՕ-ն խոստացել է քննարկել դրանք: Հայտնի չէ, թե ինչ առաջարկներ են դրանք, սակայն, Ափաթուրայի խոսքով, դրանք ուղղված են համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:
Քաղաքագետ Իգոր Մուրադյանը գտնում է, որ Եվրամիության հետ ասոցիացիան, մեծ հաշվով, պետք է գործիք դառնար Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի մերձեցման համար: Ռուս փորձագետներն ասում են, որ Ռուսաստանը Հայաստանի եվրաասոցացմանն ընդդիմացել է միայն այն պատճառով, որ դա կարող էր հանգեցնել Հայաստանում «այլ բլոկների» հայտնվելուն:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՆԱՏՕ-ն կոչել է Ռուսաստանի հակառակորդ: Մոսկվան սովորություն ունի իր գործընկերներին պարտադրել սեփական թշնամիներին: Սակայն Հայաստանում ՆԱՏՕ-ն թշնամի չեն համարում:
Ռուսաստանը փորձում է խորամանկել եւ Հայաստանին ստիպել զենք գնել իրենից ՀԱՊԿ-ի համար, դրանով իրացնելով իր ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը եւ իբր «մատակարարելով» իր դաշնակիցներին: Սակայն, երեւում է, այս հնարքներն արդեն չեն անցնում:



