1in.am-ը գրում է.
Ճապոնիայում տեղական Kanebo կորպորացիայի արտադրած կոսմետիկ միջոցներից տուժած կանանց թիվն անցել է 15 հազարը: Այս մասին հոկտեմբերի 21-ին հայտարարել են ֆիրմայի ներկայացուցիչները:
Ընկերության տվյալների համաձայն՝ ավելի քան 5 հազար դիմողների մոտ «Ռոդոնեդոլ» միջոցի օգտագործումից հետո մաշկի վրա վառ արտահայտված սպիտակ բծեր են հայտնվել: Մյուսների մոտ դրանք նույնպես ի հայտ են գալիս, սակայն պակաս արտահայտված ձևով, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Այս ամռանը Kanebo ընկերությունն ամբողջ աշխարհով հետ էր կանչել «Ռոդոնեդոլ» կոսմետիկ միջոցի ավելի քան 450 հազար փաթեթներ, որոնք ձեռք են բերվել գրեթե 250 հազար մարդու կողմից:
Այդ որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ բժիշկ-մաշկաբանները պարզել էին, որ օգտագործված կոսմետիկ միջոցները հավասարաչափ չեն սպիտակեցնում: Դրա պատճառները մինչև այժմ պարզված չեն: Ներկա պահին Ճապոնիայի մի շարք կլինիկաներում անորակ կոսմետիկայից տուժածների հատուկ բուժզննում է անցկացվում:
Փաստաբանների միացյալ խմբի ուսումնասիրության համաձայն՝ Kanebo-ն դեռ երկու տարի առաջ էր սկսել սպառողներից բողոքներ ստանալ, սակայն դեղագործական ընկերությունը մինչև այս տարվա հուլիս ամիսը ոչինչ չէր ձեռնարկել:
Kanebo-ն արդեն ներողություն է խնդրել կատարվածի համար: Կորպորացիայի հաշվարկներով՝ կոսմետիկ միջոցը հետ կանչելը ընկերությանը 56 միլիոն դոլար կարժենա: Այդ միջոցը վաճառվել է Ճապոնիայի 15 հազար խանութներում:
Ճապոնացիներն ավանդաբար ձգտում են որքան հնարավոր է սպիտակ մաշկ ունենալ: Հին ժամանակներում նրանք կավիճ էին օգտագործում, այժմ ավելի բարդ կոսմետիկ միջոցներ են օգտագործում: