Panorama.am-ը գրում է.
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը վերջին ամիսներին երկու անգամ այցելել է Արևմտյան Հայաստան: Հուլիսին հուշարձանագետը եղել է Սասունի կենտրոնական Տալվորիկ գավառի 36 գյուղերում: «Շատ հետաքրքիր էր, դրանք տեսնելու բաներ են, ես ոչ կարող եմ պատմել, ոչ նկարագրել: Մինչև հիմա թեև մահմեդական բնակչությամբ, բայց զուտ հայաբնակ գյուղ կար: Պիտի տեսնեիք իրենց ոգևորությունը, զգուշավորությունը և մեր փոխանցած բառարանով արդեն իսկ հայերեն սովորելը: Մենք ուղղակի գանձեր ունենք Արևմտյան Հայաստանում՝ ի դեմս մեր ազգակիցների փշրանքների, որ պիտի իրենց սնուցենք: Կրակը կա, յուղ լցնող է հարկավոր»,- ասաց նա:
Հուշարձանագետը եղել է նաև Մարաթուք լեռան գագաթին մոտ 3000 մետր բարձրության վրա գտնվող երկխորան Սուրբ Աստվածածին եկեղեցում: Այն մինչ հիմա կիսավեր վիճակում կանգուն է: Սամվել Կարապետյանը հայտնեց, որ այցելել են նաև Բարդուղիմեոս առաքյալի վանքը, ուր մի քանի անգամ փորձել են գնալ, բայց չի հաջողվել: «Իրանի սահմանին մոտ գտնվող ներկայիս Բաշկալեի շրջանն է, պատմական Աղբակ գավառը: Նախկինում զինվորական հենակետ կար այնտեղ, չէինք կարողանում գնալ, բայց լուր ունեինք, որ այլևս այտնեղ չէին, գնացինք, մի ամբողջ օր աշխատեցինք»,- ասաց նա:
Հուշարձանագետի խոսքով՝ շատ տպավորիչ է Մեծ Մասիսի մեզ նայող փեշին պատմական Ակոռի գյուղի գերեզմանոցը, այդտեղ մոտ 80 կանգուն խաչքարեր կան և 60-70 արձանագրություն: «Եզակի հնավայր է ամբողջ Արևմտյան Հայաստանում պահպանվածության առումով, քանի որ մյուսները պետական մակարդակով բնաջնջվել են: Ենթադրում եմ, որ հրաշքներով մեզ է հասել, քանի որ այտնեղ ամերիկացի զինվորների հենակետ կա, նրանց աչքի առաջ չեն կարողացել բնաջնջել»,- ասաց նա:
Սեպտեմբերին հիմնադրամը եղել է պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգի շրջանում: «Ներկայումս կարծես տրոհված լինի նահանգը երեք պետությունների մեջ՝ Լոռվա մեծ մասը Գուգարքն է, ավելի մեծ մասը Վրաստանում է՝ Մառնելուլիից սկսած, Ծալկա, Ջավախքի երկու շրջանները: Կա նաև Թուրքիային բաժին հասած Գուգարքի գավառները՝ Կղարճք, Շարշեթ, Արդվին, Արտանուճ և հարակից շրջանները»,- ներկայացրեց Սամվել Կարապետյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ