Զորիի նամակն ու դրան աջակցող հայտարարություններն ինձ համար բացի քաղաքականից, ուներ նաև սոցիալ-վարքաբանական, ազգային-գիտակցական, քաղաքականության էթնոընկալման նշանակություն: Ինձ համար տարօրինակ էր, որ արցախյան գոյապայքարի ամենանվիրական ակունքներում կանգնած մարդիկ Արցախի անկախության ամրապնդմանը զուգահեռ կարող էին այդ անկախության պահպանման հեռանկարը կապել այլ պետության հետ և սա համարել քաղաքական շրջահայացություն: Այստեղ "reductio ad absurdum" հնարքն անգամ մազաչափ չկիրառելու դեպքում, այդ տեսակետն ավտոմատ կհանգի աբսուրդի: Փաստարկման պարադոքս. ինչպե՞ս պետք է պաշտպանել հայրենիքը, նրա անվտանգությունը, եթե այդ արժեքները դրվում են այլ պետության հովանավորության տակ. անվտանգությունը հենց այլ պետությունից հնարավորինս քիչ կախվածությունն է: Սա միջիայլոց, իսկ ինչ վերաբերում է մտածողության պոստսովետական մտավորական դրսևորումներին, ապա այն, իրոք, վտանգավոր է: 23 տարի հետո նույնիսկ, հասարակության մեջ բավական հեղինակություն ունեցող անձինք, նույնիսկ կարծիքի առաջատարներ կարող են անկախության արժեքին այդքան ստրկականություն հաղորդել և պատգամել սերունդներին: Այս տեսակ մտածողությունն ուղղակի մեր սոցիալական, քաղաքական առողջ ինստիտուտների կայացման հեռանկարը ջախջախում է:



