Հարց`

  Ի՞նչ է արգանդի վզիկի էրոզիան:

Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ  Պավել Սոցկին:

Արգանդի վզիկի էրոզիան (պսևդոէրոզիա, էկտոպիա) այն հիվանդությունն է, երբ արգանդի վզիկը ծածկող լորձաթաղանթի վրա առաջանում են փոփոխություններ, այսինքն՝ այն բջիջները, որոնք պետք է լինեն վզիկի ներսում, սկսում են աճել արգանդի վզիկի վրա՝ առաջացնելով տարբեր փոփոխություններ: Արգանդի վզիկի էրոզիան երբեմն ուղեկցվում է առանց գանգատների, կնոջ ինքնազգացողությունը լավ է լինում, և նա հիվանդության առկայության մասին տեղեկանում է հերթական զննման այցելության ժամանակ: Երբեմն էլ էրոզիան արտահայտվում է սեռական ուղիներից աննշան արյան արտադրությամբ (սպոնտան կամ սեռական հարաբերությունից անմիջապես հետո), սեռական հարաբերության ժամանակ առաջացող ցավերով և այլն: Էրոզիան ինքնին չի համարվում նախաքաղցկեղային վիճակ, սակայն հնարավոր է, որ դառնա արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պատճառ: Արգանդի վզիկի էրոզիան լինում է բնածին և ձեռքբերովի:

Առաջացման պատճառներն են՝

ա. սեռավարակները (սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ)՝ ուրոգենիտալ խլամիդիոզ, տրիխոմոնիազ, գոնոռեա, պապիլլոմավիրուս, միկոպլազմա և ուրեապլազմա, սեռական օրգանների հերպես, ցիտոմեգալովիրուս,

բ. փոքր կոնքի օրգանների բորբոքային պրոցեսներ,

գ. հեշտոցի բորբոքային պրոցեսներ (վագինիտ, ցերվիցիտ, էնդոցերվիցիտ),

դ. արգանդի վզիկի մեխանիկական վնասվածքներ (աբորտ, ծննդաբերություն, կոպիտ սեռական ակտ և այլն),

ե. հորմոնալ խանգարումներ,

զ. դիմադրողականության անկում և այլն:

Արգանդի վզիկի էրոզիայի ախտորոշումը դժվարին չէ. հիմնականում տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Այն կարմրավուն, բորբոքված վերքի ձև ունի, որին զոնդով դիպչելիս կարող է արյուն գալ: Ավելի խորը հետազոտելու և լիարժեք ախտորոշում ստանալու նպատակով կատարվում է կոլպոսկոպիկ (արգանդի վզիկի հետազոտություն հատուկ սարքի միջոցով) հետազոտություն: Արգանդի վզիկի էրոզիայի բուժումը լինում դեղորայքային և ոչ դեղորայքային: Դեղորայքային բուժումն ուղղված է բորբոքային պրոցեսը և հարակից հիվանդությունները բուժելուն, իսկ ոչ դեղորայքային բուժման մեթոդները (կրիոդեստրուկցիա, լազերային այրում, էլեկտրոայրում, դիատերմոկոագուլյացիա, վզիկի կոնիզացիա, ռադիոալիքային էկսցիզիա) կիրառվում են ըստ ցուցման (բժշկի նշանակմամբ)՝ դեղորայքային էֆեկտի բացակայության, բարդացած կամ 3-րդ աստիճանի դիսպլազիայի և այլ դեպքերում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել