Pastifo.am-ը գրում է.
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի հերթական հանդիպումներով պայմանավորված կարճատև ընդմիջումից հետո վերսկսվեց մեր երկրի բարձրագույն խմբի առաջնությունը:
Երկրորդ խաղաշրջանի մեկնարկն ազդարարած 9-րդ տուրում կայացան առաջին երկու հանդիպումները: Հանրապետության անցյալ տարվա չեմպիոն «Շիրակը» սեփական դաշտում 5:2 հաշվով ջախջախեց ուժեղագույնների խմբի նորեկ Մարտունու «Ալաշկերտին»: Գյումրեցիների կամային հաղթանակը ապահովեցին Դավիթ Հակոբյանի (50-րդ րոպե), Անդրանիկ Բարիկյանի (52, 58), Սերժ Դեբլեի (60) և Դավիթ Ղանդիլյանի (81) գոլերը, որոնց դիպուկ հարվածներով պատասխանեցին Միհրան Մանասյանը (7) ու Տիգրան Գրիգորյանը (77):
Երևանի «Միկայի» և «Արարատի» մասնակցությամբ զուգահեռ խաղում 1:0 հաշվով հաղթեցին արարատցիները: Միակ գոլը 85-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Ալեքսանդր Ռակիչը: Այդպիսով, «Արարատը» 17 միավորով առաջին տեղում է: 12-ական միավոր են վաստակել «Շիրակն» ու «Փյունիկը», բայց վերջինս վաղն ընդունելու է Կապանի «Գանձասարին»: Կապանցիներն, ինչպեսև «Միկան», ունեն 11-ական միավոր: Վաղվա մյուս զույգը կազմած «Բանանցն» ու «Ուլիսը» վաստակել են համապատասխանաբար 8 և 3 միավոր: Երեք նիշ ունի նաև «Ալաշկերտը»: