Ակտիվիստ-աղջիկները պատժեցին ոստիկանին` հայհոյանքի համարHraparak.am-ը գրում է.

Նրանք սկսել են «չաթ» անել մարտի 16-ից: Ոմն Քրիստին Արշակունին ոստիկանության Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ազատ, տեղ-տեղ ինտիմ եւ սեռական բնույթի նամակներ է գրում, որոնք հոկտեմբերի 17-ի երեկոյան հենց ինքն էլ հրապարակում է «Ֆեյսբուք»-ում: Մեծ սկանդալ առաջացավ, որի կենտրոնում այս անգամ Անժելա Սարգսյանի փոխարեն ոստիկանն է:

ԼԱՎ Է ՉԿԱՐԴԱՅԻՆՔ

Ինտիմ թեման սկսում է Քրիստինը՝ գայթակղելով ոստիկանին: Հարցնում է նրան, թե արդյոք նա մազոտ չէ՞, հետո ասում է, որ մենակ է ու մրսում է, իսկ Կարենի հարցին, թե էս ժամին տղամարդ որտեղից ճարեմ, պատասխանում է. «Բա ասում էիր՝ Կարենն եմ ու ամեն ինչ կարա՞մ»: Ապա Քրիստինը բաց զրույց է սկսում մարմնի մասերի եւ տարբեր գործողությունների հիշատակմամբ՝ տեղ-տեղ վիրտուալ սեքսի անցնող: Անկեղծ ասած, ոչ մի տղամարդ երկար չէր դիմակայի նման լեքսիկոն լսելով: Ոստիկանը դիմադրում է. «Ես պարյադչնի տղա եմ ու օտար կանանց հետ խուժանական բաների մասին չեմ գրվում»,- գրում է, կամ. «Եղանք խայտառակ»: Ի վերջո գայթակղվում է եւ կանչում է Քրիստինին հանդիպման: Այս պատմությունը բացի հանրությանը խիստ հետաքրքիր սեքսուալ եւ քաղաքական ասպեկտներից, նաեւ բարոյական կողմ ունի: Բոլորին, ովքեր կարդում են Կարեն-Քրիստին նամակները, անկախ սեռից, քաղաքական հայացքներից, սոցիալական վիճակից, միավորում է հանրության առաջ մերկ մարմինը ցուցադրելու՝ գաղտնալսվելու, ձայնագրվելու, թաքուն նկարված լինելու ընդհանուր վախը: Մենք մի քանի անգամ ունեցել ենք նման պատմություններ՝ Անժելա Սարգսյանի, Հրաչ Քեշիշյանի, Արամ Աբրահամյանի անունների հետ կապված, նաեւ Ալբերտ Ազարյանի, Հրանտ Թոխատյանի մասնակցությամբ տեսանյութեր, որոնք հանրամատչելի են դարձել նրանց կամքին հակառակ: Ամեն անգամ նման դեպքերից հետո ամոթի զգացողություն է մնացել եւ միտք. «Լավ է չիմանայինք»:

ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԴԵՄ ՉԷ «ՉԱԹՈՎ» ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Նամակները կտոր-կտոր տեղադրել է իր էջում «Ժառանգության» քարտուղար Ստեփան Սաֆարյանը՝ մեղադրելով ոստիկանին «լոզերը թափելով չաթով մաստուրբացիա անելու» համար: Երեկ նա այնպիսի սուր քննադատության արժանացավ այլոց անձնական կյանքի մեջ մխրճվելու, անմակարդակ բամբասանքներ տարածելու, տղամարդուն եւ քաղաքական գործչին անվայել պահվածքի համար, որ նամակագրությունը հրապարակողը՝ Քրիստինը, անցավ երկրորդ պլան, իսկ Սաֆարյանն ստիպված էր հիշեցնել, որ ինքը չի հրապարակել նամակները: Ըստ Ստեփան Սաֆարյանի, գարնանը, նախագահական ընտրություններից հետո, ընդդիմություն-իշխանություն ՖԲ-ի թեժ վեճերի ժամանակ ոստիկանության ծառայության պետը սեռական բնույթի հայհոյանքներ է գրել ընդդիմության տեսակետները պնդող աղջիկների հասցեին, որից հետո նա «չաթով» դիմել է նրանցից մեկին եւ հայհոյախառն առաջարկներ արել: «Հետո ոստիկանը Հ1-ով բացատրեց, որ ինքը դրա հետ կապ չունի: Սա չէր կարող մարսվել աղջիկների կողմից,- ասում է Ստեփան Սաֆարյանը,- եւ Քրիստինը, որին չեմ ճանաչում, բացեց նրա դեմքը՝ իր համար տհաճ խոսակցության մեջ մտնելով: Եթե տղամարդկությունից խոսացող որեւէ մեկը՝ Շուշան Պետրոսյաններից, Մարգարիտ Եսայաններից, Արսեն Բաբայաններից, Տիգրան Քոչարյաններից, չի պաշտպանել այս աղջիկներին, ուրեմն, թող որեւէ մեկը նաեւ չպաշտպանի ոստիկանին եւ չմեղադրի աղջկան, որ ինքն է ապացուցել, թե ով է Կարեն Մովսիսյանը»: Սաֆարյանը վատ չի վերաբերվում վիրտուալ  ծանոթություններին, որոնք անգամ կարող են անկողնով ավարտվել, բայց դեմ է տզրուկի նման կպչելուն եւ անպատկառ վարքագիծ դրսեւորելուն. «Սա անձնական նամակի հրապարակում չի, սա ապացույցի միտումնավոր ստեղծում է այն բանի վերաբերյալ, ինչից հրապարակավ հրաժարվում է Կարեն Մովսիսյանը: Թող քար չնետեն այդ աղջկա ուղղությամբ, որն ինքն է իր հարցերը լուծել»,- ասում է նա:

ՈՍՏԻԿԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է

Երեկ մեզ հաջողվեց զրուցել Կարեն Մովսիսյանի հետ: Նա կտրականապես հերքեց, որ Քրիստինի հետ խոսել է «չաթով». «Սա կամ որեւէ գրաֆիկական ռեդակտորով սարքած է, կամ «ֆեյք»՝ կեղծ անկետա է բացած իմ նկարով: Իմ էջը բաց է բոլորի համար, իմ նկարները քաշելը մեկ վայրկյան է: Ես չեմ խոսել, ես կատեգորիկ հերքում եմ, չեմ էլ ուզում խորանալ»: Իր անունն այս պատմության մեջ թաթախելով, ինչ-որ անձինք ցանկացել են մրոտել ոստիկանության համակարգը, ինչը շատերի համար հաճելի զբաղմունք է: «Եթե ես անգամ դա գրել էի, դա քրեորեն պատժելի արարք է, ինչո՞ւ ես տարածում մարդու նամակագրությունը»,- հարցնում է վրդովված ոստիկանը: Թե ով է այդ տղամարդը, որին Քրիստինը սադրում է, Կարեն Մովսիսյանը չգիտի, Քրիստինին էլ չի ճանաչում եւ չի տեսել անգամ ՖԲ-ում: Նրան հարցրինք. «Ստեփան Սաֆարյանը վստահեցնում է, որ Դուք սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել ՖԲ ակտիվիստներին հետընտրական քննարկումների ժամանակ: Ինչո՞ւ»: Պատասխան. «Ի՞նչ ասեմ, երեւի «պերեբոր» է անում Ստյոպան: Կարող է ինքն էլ է ուզում հետո ասի՝ ինձ «ախրանա» տվեք, ես իրեն կպա, հիմա ինձ հետապնդելու է: Չեմ հետապնդելու, դատի չեմ տալու: Ոչինչ, մեր Ստյոպիկն է, ինչ ուզում է, թող գրի»:

ԻՐԱՐ ԳԼԽԻՆ ՍԱՐՔԵԼԸ ՌԵԺԻՄԻ ՊԱՅՔԱՐԻ ՁԵՎՆ Է

Ուշ երեկոյան նաեւ Քրիստին Արշակունուց արձագանք ստացանք: Նա գրեց, որ մենակ չի անցկացրել «Կարեն» օպերացիան, այլ մի քանի «օնլայն» ընկերներով: «Էդ չարաբաստիկ չատին միայն ես չեմ մասնակցում: Եթե ուշադիր ուսումնասիրեք, կտեսնեք, որ դա մեկից ավելի մարդկանց «ձեռագիր է»: Մի քանի «օնլայն» ընկերներով որոշեցինք «կապել» Կարեն Մովսիսյանին: Սա երկար պլանավորված էր: Կան նաեւ սկայպի եւ «մոբիլ» հեռախոսի ձայնագրումներ»: Քրիստինը հաճույքի համար չի արել այս քայլը. «Թող տեսնեն, որ նմաններն իրավունք չունեն այլոց օրենք, կարգուկանոն սովորեցնեն, իսկ երբեմն էլ բարոյականության դասեր տան»: Իր մասին հայտնում է, որ ոչ մի շարժման չի մասնակցել, որովհետեւ Հայաստանում չի ապրում: «Պայքարում եմ՝ ինչպես կարող եմ: Սա ռեժիմին շատ ծանոթ պայքարի ձեւ է՝ իրար գլխի սարքել»:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել