Tert.am-ը գրում է.
Ադրբեջանի Եվրոպական շարժման նախագահ Ռամին Հաջիլին Հայաստանում է՝ իր օրինակով կոչ անելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ երկխոսության ճանապարհով։ Այցը նախաձեռնել էր Միջազգային եվրոպական շարժման հայաստանյան խորհուրդը, որին մասնակցում էին Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը, Ադրբեջանի եվրոպական շարժման նախագահ Ռամին Հաջիլին և Միջազգային Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն:
Ռամին Հաջիլին լրագրողների հետ հանդիպմանը, թեև հայտարարեց, թե ադրբեջանցիների մեծամասնությունը խաղաղության կողմնակից է, բայց, այդուհանդերձ, խաղաղությանը հասնելու պահանջներ ներկայացրեց։
Իր խոսքը նա նախ սկսեց սեփական ճակատագրի մասին պատմելով, որ ծնվել է Ղարաբաղում Ֆիզուլիի շրջանում, որտեղ ինչպես ինքն էր հիշում՝ հայեր չէին բնակվում. «Երբ պատերազմ սկսեց, ես 10 տարեկան էի և հայտնվեցի փախստականի կարգավիճակում, սկսեցի ապրել վրանային քաղաքում, որտեղ ոչ մի նորմալ պայմաններ չկային»։
Ռամին Հաջիլին և Ադրբեջանից նրա օգնականը հարցին, թե ցանկություն չունե՞ն այցելել Ղարաբաղ, միաբերան դրական պատասխանեցին։ Լրագրողները հուշեցին, իսկ չե՞ն վախենում «սև ցուցակից»՝ Հաջիլին ծիծաղով պատասխանեց. «Հայաստան գալով էլ արդեն սև ցուցակում ենք»։
Իսկ սև ցուցակից խուսափելու համար ադրբեջանցին շատ արագ խաղաղության քարոզչությունից անցավ սեփական երկրի իշխանության տեսակետին, թե Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի «օկուպացված» 6 շրջանները։ «Ինչքան էլ դժվար է, բայց Հայաստանի իշխանությունը պետք է ազատի « օկուպացված» 6 շրջանները»,- ասաց նա։
Լրագրողներից մեկը հեգնեց. «Իշտահիդ քացախ»։ Ադրբեջանցուն հիշեցրին, որ Հայաստանը հաղթող երկիր է և իր հողերն է հետ վերցրել, ինչու պետք է արյան գնով ձեռք բերածը վերադարձնի։ Հետո նշեցին, որ գուցե ադրբեջանցին հիշողության հետ խնդիր ունի, և ըստ իրեն Արցախում ընդհանրապես հայ չի էլ բնակվել։ «Ես չեմ ասում, որ հայեր չեն ապրում, ես իմ ապրած շրջանում չեմ տեսել»,- ասաց նա և նշեց, որ համաշխարհային պատերազմն էլ գուցե չավարտվեր, եթե կողմերը չցանկանային դա։ «Ուղղակի պետք է կողմերը մի հայտարարի գան։ Ձեզ չթվա, թե ես Հայաստանին եմ միայն կոչ անում, ուղղակի այստեղ եմ և առիթն օգտագործում եմ դրա համար։ Ադրբեջանն էլ պետք է զիջումների գնա»,- նշեց նա։
Հարցին, թե դուք կոնկրետ ի՞նչ զիջումների եք պատրաստ, Հաջիլին նշեց, որ եթե այդ վեց շրջանները տան իրենց, ապա Ադրբեջանը շատ ավելի զիջումների կգնա, այդպես էլ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ։
Այնուհետև փորձեց իրավիճակը մեղմել և ամբողջ մեղքը գցել Ստալինի վրա, ով ժողովուրդների միջև կռիվ է հրահրել, և որ նույն քաղաքականությունը շարունակում է նաև Ռուսաստանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ