Lragir.am-ը գրում է.
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Վոլեյբոլի ֆեդերացիայի արտահերթ կոնֆերանսը:
Կոնֆերանսին մասնակցում էին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, վոլեյբոլ մարզաձևի մասնագետներ, ֆեդերացիայի անդամներ, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ:
Ինչպես հայտնում են ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայից, Յուրի Վարդանյանը տեղեկացրեց, որ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական է տվել Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: «Մեր քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու առաջադրել Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, ում ղեկավարությամբ, վստահ եմ, մարզաձևը կբռնի զարգացման ուղին», ասել է նա:
Կոնֆերանսի պատգամավորները միաձայն ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրեցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին: