Lragir.am-ը գրում է.

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը կարծում է, որ կառավարության հաջորդ տարվա հարկաբյուջետային ոլորտի ծրագրերը չեն կատարվի: Հիշեցնենք, որ հաջորդ տարվա բյուջեով կառավարությունը 5.2 տոկոս տնտեսական աճ է սպասում, հարկային եկամուտների ավելացում բյուջեով նախատեսված չէ, բայց պլանավորված է աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում:

Lragir.am-ի հետ զրույցում Աշոտ Եղիազարյանը հիմնավորում է, թե ինչու հնարավոր չէ լիարժեք իրականացնել կառավարության նախանշած հարկաբյուջետային ծրագրերը:
Նրա խոսքով՝ կառավարության այսօրվա գործողություններն իներցիոն բնույթի են, այսինքն՝ այն, ինչ որ նախատեսվել է նախկինում, պարզապես դրանք կրկնվում են: Այսօր փորձ է արվում դրանք հիմնավորել ու շարունակել՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ էապես փոխվել է իրավիճակը:

«Այսինքն՝ արտաքին գործոնները կարող են լուրջ ազդեցություն ունենալ ընդհանրապես բոլոր գործողությունների ու ծրագրերի վրա: Որևէ վստահություն, ես կարծում եմ, օբյեկտիվորեն գոյություն չունի: Ամեն ինչ դրված է շատ մեծ հարցականների տակ, որովհետև որևէ հստակություն ծրագրերում ու գործողություններում գոյություն չունի»,- նշեց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ այս իրավիճակում Հայաստանի կառավարությունն այսօր ի վիճակի չէ պլանավորել, կանխատեսումներ անել: Աշոտ Եղիազարյանը չի բացառում, որ հաջորդ տարվա կեսին բյուջեի ցուցանիշները կփոփոխվեն:

«Դա հնարավոր է, բայց ոչ պայմանավորված այն միտումներով, որ գոյություն ունեն համաշխարհային շուկաներում, այդ թվում՝ Ռուսաստանում: Հնարավոր է նաև այն պատճառով, որ ընդհանրապես խզվածություն է առաջացել կառավարության նախկինում պլանավորած ծրագրերի ու այսօրվա վիճակի ու ապագայի միջև: Իհարկե, դրա վրա մեծ չափով կազդի նաև արտաքին գործոնը, որովհետև մասնավորապես Ռուսաստանում, մեղմ ասած, տնտեսական իրավիճակն այդքան էլ բարվոք չէ: Իսկ մենք շատ բաներ պլանավորում ենք ռուսական կողմի ներդրումներով, որոնք, իհարկե, պարզապես խոսակցություններ են, դրանք ընդհանրապես չեն կարող լինել: Դա ընդհանրապես փորձ է հիմնավորել որոշակի քաղաքական հայտարարություններն ու որոշումները»:

Տնտեսագետն ասում է, որ բացասական սպասումները շատ են, հնարավոր չէ տնտեսական աճի ապահովում: Ըստ նրա՝ մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ պարզապես չենք կարող կանխատեսել այն գործոնները, որոնք կարող են ազդել մեր տնտեսական զարգացումների ու միտումների վրա՝ և արտաքին, և ներքին առումով:

«Հստակեցված չեն, մնում են շատ անորոշ մեր հարաբերությունները Եվրամիության հետ: Իսկ հայտնի է, որ Եվրամիությունը Հայաստանի խոշոր գործընկերներից է՝ և առևտրային առումով, և ընդհանրապես շատ ծրագրերի, որոնք վերջին տարիներին իրականացվում են Հայաստանում: Մեր հարաբերությունների մեջ առաջացել է անորոշ մի շրջան, և քանի դեռ այդ անորոշ շրջանը հաղթահարված չէ, հստակություններ մտցված չեն, կանխատեսել, թե ինչ կլինի թեկուզ մի քանի ամիս հետո, այնքան էլ ճիշտ չէ»,- ընդգծեց Եղիզարյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսվարող սուբյեկտներին, ապա, տնտեսագետի խոսքով, նրանք ընդհանրապես հայտնվել են մի անորոշ, ռիսկերով լեցուն իրավիճակում:

«Եթե Հայաստանում խմբավորենք ռիսկերը, մինչև հիմա դրանք կարելի էր խմբավորել հետևյալ կերպ. առաջին խումբ ռիսկեր՝ պարենամթերքից և էներգակիրներից կախվածություն, երկրորդ խումբ ռիսկեր՝ տրանսպորտային շրջափակում և տրանսպորտային ենթակառուցվածքների կախվածություն, երրորդ խումբ՝ Հայաստանի տնտեսության կառուցվածքի թերզարգացածությունը տարածաշրջանային և գլոբալ շուկաներում: Իսկ հիմա դրան ավելացել է նաև սպառնալիքների մեկ այլ խումբ՝ քաղաքական միավորման կամ, այսպես ասած, տնտեսական կամ քաղաքական միավորման խտրական ազդեցությունը Հայաստանի վրա: Այս սպառնալիքները շատ դժվար է գնահատել: Եթե նախորդ երեք սպառնալիքների մասին գիտենք ու կարելի է դրանք գնահատել, ենթադրություններ անել, դրանով պայմանավորված կանխատեսումներ անել, ապա այս չորրորդ սպառնալիքն անորոշությունը շատ է մեծացնում, կանխատեսումներ անելը դառնում է անհնար»,- նշեց տնտեսագետը:

Աշոտ Եղիազարյանի խոսքով՝  Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը չեն դադարեցնի գործունեությունը Հայաստանում, քանի որ դրանք գլոբալ կազմակերպություններ են և ստեղծված են, որ գլոբալ խաղի կանոններ ձևավորեն ամբողջ աշխարհում: «Բայց Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը, եթե մինչև հիմա կարելի էր համարել շատ ավելի բարենպաստ, հիմա կարծում եմ, որոշակի սահմանափակումներով և որոշակի կոշտությամբ կդրսևորվի: Դա առայժմ չի երևում, բայց ապագայում կերևա»,- ընդգծեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել