1in.am-ը գրում է.
Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանն այսօր ամփոփեց Երևանի ճանապարհային ոստիկանության ինն ամիսների աշխատանքը: Նա նշեց, որ թեև նախորդ հաշվետվության ժամանակ ութ ամիսների ընթացքում Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահվան ելքով դեպքերի թիվը աճել էր յոթով, սակայն ամփոփելով այս ինն ամիսները՝ Երևանի ճանապարհային ոստիկանությունը արձանագրում է, որ ճանապարհատրանսպորտային մահվան ելքով պատահարները երկուսով նվազել են: Միաժամանակ ավելացել են ճանապարհատրասնպորտային պատահարների ոչ մահվան ելքով դեպքերը: Դրանք ավելացել են 128-ով, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 164 քաղաքացի:
Արսեն Արշակյանը սա պայմանավորում է վերջին ինն ամիսների ընթացքում Հայաստան ներմուծված 17-18 հազար տրանսպորտային միջոցներով, որոնց 70 տոկոսն արտասահմանյան մակնիշի է՝ ոչ ռուսական արտադրության: Դրանք զինված են հզոր շարժիչներով, որոնց հետևանքները անդառնալի են:
Ճանապարհային ոստիկանության պետը պաշտոնապես հայտարարեց, որ Երևան քաղաքում չկա որևէ մեկը, որ կարողանա իրեն առավել զգալ մեզնից կամ երթևեկության մյուս մասնակցից: Ավելին՝ նա նշեց, որ տարվա կտրվածքով ճանապարհային ոստիկանությունից ոստիկանապետի հրամանով աշխատանիքց ազատվել է 5-10 մարդ՝ իրենց աշխատանքը ոչ պատշաճ կատարելու համար: Նա տեղեկացրեց, որ այս տարի առաջին սպայական գումարտակից ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է 5 սպա:
Արսեն Արշակյանի խոսքով՝ զգալի արդյունք են տվել տեսախցիկները, որոնց շնորհիվ մահվան ելքով դեպքերը նվազել են: Ճանապարհային ոստիկանության պետը դա պայմանավորում է այն հանգամանքով, որ դրանց շնորհիվ նվազեցվում են մեքենայի արագությունն ու երթևեկության կոպիտ խախտումները:
Այս տարի արձանագրվել է 832 ճանապարհային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 43, վիրավորվել 1044 քաղաքացի:
Վարորդների համար անտեսանելի տեսախցիկների թիվը նվազել է: Այսինքն՝ստեղծվել են բոլոր պայմանները, որ բոլոր քաղաքացիները կարողանան օգտվել և պահպանել ճանապարհային կանոնները:
Մեր հարցին՝ արդյոք մգեցված ապակիների հետ կապված խնդիրն արդեն ունի՞ որոշակի կանոնակարգ, Արսեն Արշակյանը նշեց, որ որևէ փոփոխություն առայժմ չկա, բայց մոտ ժամանակներս ձեռք կբերվեն չափիչ սարքեր, որոնց միջոցով կարող են չափել, որովհետև ըստ վարչական իրավախախտումների մասին օրենքի՝ պետք է կոնկրետ չափորոշիչ լինի, բայց քանի դեռ չունենք չափորոշիչներ, իրավունք չունենք քաղաքացուն ենթարկել պատասխանատվության: