Hetq.am-ը գրում է.

ՀՀ Արդարադատության նախարարության կողմից մշակված ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծրը որոշակի դժգոհություններ են առաջացրել Հայաստանի դատավորների շրջանում: Դատավորների միությունը անընդունելի է համարում գնահատման առաջարկվող ինստիտուտը՝ պնդելով, որ դա վտանգում է դատավորների անկախությունը: Նշված նախագիծը ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից ուղարկվել է նաև Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին: 

Պաշտպանը համակարծիք է դատավորների հետ և մի շարք առաջարկներ է ներկայացրել Արդարադատության նախարարին՝ ուղղված դատավորների անկախության ապահովմանը և ոլորտում հնարավոր չարաշահումների վերացմանը: 

Մասնավորապես Օմբուդսմենն առաջարկել է մի քանի չափանիշներով վերանայել
դատավորների գործունեության գնահատման կարգն ու մեթոդաբանությունը, ինչպես նաև բարելավել գնահատման արդյունքների բողոքարկման մեխանիզմը: 

Պաշտպանն անհրաժեշտ է համարում նաև հստակեցնել և կանխատեսելի դարձնել դատավորին պատասխանատվության ենթարկելու հիմքերը՝ դատավորին ոչ իրավաչափ պատասխանատվության ենթարկելու կամ նրա գործունեությանը միջամտելու հնարավորությունը բացառելու նպատակով:

Միաժամանակ Անդրեասյանն առաջարկում է չտարանջատել դատավորների նկատմամբ նախատեսված պատասխանատվության մեխանիզմների կիրառումը՝ կախված դատական ատյանից: 

Բացի այդ, ուսումնասիրելով Արդարադատության խորհրդի և ԱԽ կարգապահական
հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև նախագծով նախատեսված գնահատման
կարգն ու մեխանիզմները՝ Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառումը՝ ելնելով նրա գործունեության գնահատման արդյունքներից:

Հայտնում է պաշտպանի աշխատակազմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել