1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է աստիճանաբար ապասառեցնել արտերկրում պահվող Իրանի որոշ ակտիվներ՝ նվազեցնելու համար այն վնասը, որը Իրանի տնտեսությանը պատճառում են վերջինիս միջուկային ծրագրի դեմ ուղղված պատժամիջոցները: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Ըստ հաղորդագրությունների, որոնցում մեջբերվում են իր անունը բացահայտելուց հրաժարված ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կողմից տրամադրված տեղեկությունները, նման առաջարկություն է ներկայացվել այս շաբաթ Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ անցկացված բանակցություններից հետո: Այս բանակցությունների ընթացքում, ըստ ԱՄՆ Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնիի, Իրանի կողմից «ցուցաբերվել է լրջության և բովանդակալիության այնպիսի աստիճան, որը նախկինում երբևէ չէր գրանցվել»:
Սպիտակ տան խոսնակ Բերնանդեն Միհանը, սակայն, ասել է, թե Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների թուլացման մասին քննարկումները «վաղաժամ են և ենթադրական»:
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների թուլացումը քննարկելուց առաջ Իրանը պետք է համաձայնվի իրականացնել «իմաստալից, թափանցիկ և ստուգելի քայլեր»:
Իսրայելն այս ընթացքում զգուշացրել է Իրանի նկատմամբ գործադրվող ճնշումը թուլացնելու վտանգի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համոզմամբ՝ դա «պատմական սխալ» կդառնա: