Hartak.am-ը գրում է.
Մենք պետք է սովորենք բոլոր գաղափարախոսություններից վերցնել այնտեղ առկա դրականը: Հայ հասարակության մեջ մի միտում կա, որը մեզ խանգարում է բացասականը տարանջատել դրականից: Որպեսզի ավելի պարզ լինեմ, բերեմ մի օրինակ` մեզանից շատերը օրվա ընթացքւմ կարդում են շատ և շատ հոդվածներ, և քիչ չեն եղել դեպքեր, երբ մենք միայն վերնագրից արդեն, ժողովրդական լեզվով ասած, «հուշտ» ենք եղել և սկսել ենք այդ հոդվածը կարդալ` ի սկզբանե վատը ակնկալելու միտումով: Շատ անգամ մենք չենք խորանում հոդվածի մեջ. չէ՞ որ յուրաքանչյուր հոդված ունի տողեր, որոնք կարելի է առանձնացնել…
Բացառված չէ, որ առաջին հայացքից երկրորդական համարվող այդ տողերն իրենց մեջ պարունակում են այնպիսի խորիմաստություն, որը կարող է շատ հանրօգուտ լինել: Նույնը տարբեր գաղափարախոսություններին է վերաբերվում: Այսինքն, եթե մենք աջ ենք, ապա, լսելով ձախ գաղափարախոսության մասին, միանգամից մերժում ենք այն` հաշվի չառնելով, որ այդ նույն ձախ գաղափարախոսության մեջ կան դրույթներ, որոնց համալրումը աջ գաղափարախոսության դրույթների հետ հակասություն չէր բերի, այլ ավելի կենսունակ կդարձներ նույն աջ գաղափարախոսությունը, նույնը` ընդհակառակը, եթե մենք ձախ ենք…
Այսօր Հայաստանում կան 80-ից ավելի կուսակցություններ, իհարկե նրանց 90 տոկոսի ծրագրերը կրկնվում են, բայց որքան էլ որ կրկնվեն, այնտեղ կարող է հանդիպել մի կետ, որը շատ արդիական կարող է լինել երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Մենք ուղղակի պետք է սովորենք զտել գաղափարախոսությունները, ծրագրերը և մաղի վրա ստանանք ամենաարժեքավորը: Միայն այս ճանապարհով է հնարավոր հասնել «ունիվերսալության»: Հայկական գաղափարախոսության մեջ առկա է և Այբուբենը, և էպոսը, և հայոց Աստվածաճանանչողությունը, և Ցեղակրոնությունը, և Տարոնականությունը … և ապագայում ստեղծվելիք արժեքավորը, որոնք, ունենալով իրենց ուրույն տեղը հավաքական գաղափարախոսության մեջ, ամբողջացնում են այն: Օրինակ` հրեական գաղափարախոսությունն իր մեջ ներառում է գաղափարական մի շարք համակարգեր` Թորա, Թալմուդ, Կաբբալա, Սիոնիզմ և այլն, որոնք շոշափվող հարթությունների առումով տարբեր են, բայց էաբանորեն նույնն են: Սակայն երբ մենք հետևում ենք, թե ինչ կուրս է վերցրել Իսրաելը, ապա տեսնում ենք, որ այդ կուրսում համադրված են բոլոր առկա համակարգերի արժեքավորը :
Հ.Գ. Մենք երևի դեռ պատրաստ չենք ուտոպիա հիշեցնող հավաքական գաղափարախոսության գովքն անելուն, սակայն երկիրն այսօր գտնվում է այնպիսի ծանր վիճակում, որ վաղ թե ուշ մենք այս թեմային անդրադառնալու ենք, որպեսզի սայլը տեղից շարժենք: Հավատացեք…