

Լավ, մի պահ եկեք կտրվենք, որ Մովսիսյանը ոստիկան է, իսկ Ստյոպայի մոտ կանացի հորմոնների տոքսիկոզի նախանշաններ են ու սթափ հասկանանք, թե ինչ կարգի երևույթի հետ գործ ունենք:
Բավականին երիտասարդ ու ըստ երևույթին առողջ տղամարդը չաթով աղջիկ է խոսացրել (մի բան, որ անում է հայ տղամարդ օգտատերերի կեսից շատը առնվազն), աղջիկը ցույց է տվել, որ «կպել է» ու մեղմիկ սադրանքներով ավելի է բացել Մովսիսյանի ախորժակը՝ զրույսը ավելի ինտիմ դարձնելով: Վերջում էլ, Մովսիսյանը հետևություններ անելով, որ գործ ունի ման եկողի հետ, բռնել հայհոյախառն ճամփել է սրան:
Գովերգելու բան կա՞ այստեղ: Ամենևին: Համենայն դեպս, ես կանխակալ մոտեցում ունեմ ինտերնետով աղջիկ խոսեցնելու ու առավել ևս ինտիմ թեմաներով խոսելու նկատմամբ: Առավել ևս ոչ խոհեմ եմ համարում այն, որ Մովսիսյանը հաշվի չի առել, որ շատ հանգիստ կարող է գործ ունենալ ֆեյքի հետ, որը իր դեմ սադրանք է կազմակերպում: Անգամ եթե ֆեյք էլ չէր, այլ իրական կերպար էր, չեմ կարծում, որ կարելի է հայհոյել կնոջը, անգամ թեթև բարքի տեր կնոջը: Այսինքն, Մովսիսյանի արածի մեջ ոչ մի հերոսական դրվագ չեմ տեսնում, բայց դա Մովսիսյանի գործն է ու չեմ էլ պատրաստվում նոտացիաներ կարդալ ու դաստիարակչական ճառեր ասել:
Հանցագործության տարր կա՞ Մովսիսյանի արածի մեջ: Չեմ կարծում, համենայն դեպս, որքանով ես տեղյակ եմ, մեր օրենսդրությամբ նախատեսված չէ պատիժ չաթով աղջիկ կպցնելու, սեքսի վերաբերյալ թեմաներից խոսելու (եթե աղջիկը անչափահաս չէ ու նրա զրուցակիցը գիտի դրա մասին): Չկա նաև որևէ կերպ ոստիկաններին չաթից օգտվելը սահմանափակող օրենք՝ ծառայությունից դուրս գտնվելու ժամանակ:
Այսինքն, այս ամենը զուտ փոթորիկ է մի բաժակ ջրում, որը անընդհատ փորձում է թեժ պահել Սաֆարյանը, որի արարքի մեջ իրոք դատապարտելի բան կա, եթե ոչ օրենսդրորեն, ապա զուտ էթիկետի ու տղամարդկություն ասվածի համատեքստում: Դե մեկ էլ ակտիվ են ֆեյսբուքյան վայ-ընդդիմադիրները, որոնց պայքարը վաղուց արդեն վեր է ածվել ինքնանպատակ ու անիմաստ փնփնթոցի ու նման էժանագին քայլերից հրճվանք ստանալու: