Cosmo.am-ը գրում է.
Աշխատավարձի բարձրացման մասին շատերն են երազում, սակայն ոչ միշտ և ոչ բոլորին է հաջողվում հասնել այդ բաղձալի երազանքին :) Դե, որովհետև հարկավոր է ճիշտ գործել` ճիշտ ժամանակին: Եվ այսպես, ինչպե՞ս և ե՞րբ. պարզաբանում է Cosmo-ն:
Սիրում ես աշխատանքդ, բայց գտնում ես, որ ստացածդ գումարն ամենևին չի համապատասխանում քո կատարած գործի ծավալի՞ն: Հավատացնո՛ւմ ենք՝ դու քո դժգոհության մեջ միակը չես: «Ցավոք սրտի, ընկերություններում աշխատավարձերի բարձրացումներ ոչ հաճախ են տեղի ունենում: Արդյունքում՝ շատերը գտնվում են շարունակական ֆինանսական ճգնաժամի մեջ, չնայած որ շարունակում են տքնաջան աշխատել»,- ասում է Լի Ի. Միլլերը` «Ուղեցույց արդյունավետ բանակցելու համար» գրքի համահեղինակը: Հուսալքվելը բանկային հաշիվդ չի ավելացնի։ Ավելի լավ է մտածես` ինչպես իրավիճակը ձեռքդ վերցնես. հավատա, շատ քիչ ղեկավարներ կան, որ պատրաստ են աշխատակցին հոժարակամ ավելի շատ գումար վճարել:
Գործիր ճիշտ ժամանակին
Շնորհավորում ենք. ձեր կազմակերպության ֆինանսական ցուցանիշները գերազանցում են բոլոր սպասումները: Համընդհանուր երջանկության այս օրերը գործելու լավագույն ժամանակահատվածն են: «Օգտագործիր առաջիկա ամիսը աշխատավարձիդ բարձրացման հարցը ղեկավարության հետ քննարկելու համար. առավել ևս, եթե դու այդ հաջողության գործում անմասն չես»,- խորհուրդ է տալիս գիտությունների դոկտոր Լուի Ֆրանկելը:
Ընկերությունը վերելք է ապրում, և հավանականությունը մեծ է, որ տնօրենդ պատրաստակամորեն կընդունի քո խնդրանքը: Դե, իսկ եթե ընկերությունում գործերն այնքան էլ փայլուն չեն, պետք չէ ժամանակից շուտ վայր դնել զենքերը: Հարմար այլ առիթներ նույնպես կլինեն, ասենք՝ առաջարկ մեկ այլ ընկերության կողմից: «Համարձակ դիմիր ղեկավարությանդ նաև այն դեպքում, երբ մեկ ուրիշ ընկերությունից աշխատանքային առաջարկ ես ստացել»,- նշում է Միլլերը:
Ասա տնօրենիդ. «Ուզում եմ Ձեզ տեղյակ պահել, որ բավական գրավիչ աշխատանքային առաջարկ եմ ստացել այլ ընկերությունից` բարձր աշխատավարձով, սակայն ինձ իմ աշխատանքը դուր է գալիս, և ես կուզեի մնալ այստեղ: Կա՞, արդյոք, ներկայիս աշխատավարձը մի փոքր ավելի մրցունակ դարձնելու հնարավորություն»:
Ուղղակիորեն ավելացում պահանջելու փոխարեն` մի կողմից տեղյակ կպահես ղեկավարիդ քո ծրագրերի մասին, մյուս կողմից ցույց կտաս նրբանկատություն և սուր անկյունները շրջանցելու կարողություն, ինչը ղեկավարիդ աչքերում միայն կբարձրացնի քո հեղինակությունը:
Փորձագետները նշում են, որ տնօրեններին ամեն դեպքում հարկավոր է ժամանակ առ ժամանակ հիշեցնել աշխատավարձի բարձրացման մասին: Հիշիր, քո շահերի մասին պետք է բարձրաձայնես ինքդ:
Հիշեցրու առավելություններդ
«Իհարկե, աշխատավարձ բարձրացնելու հարցում ամենակարևոր խթանը կլինի ղեկավարիդ այն համոզմունքը, որ դու շատ արժեքավոր մասնագետ ես և գրեթե անփոխարինելի»,- ասում է Ֆիլիս Մինդելը` «Ինչպես կասեր կինը» գրքի հեղինակը: Այլ կերպ ասած՝ քեզ կորցնելը պիտի մղձավանջի պես մի բան դառնա նրա համար:
Այնպես որ, հիշեցրու, թե որքան բան ես արել ընկերության համար, ներկայացրու այն պատվիրատուների ցուցակը, որոնք հիացած են քո աշխատանքով, պատմիր, թե որքան հաճախ ես կատարել հրատապ գործեր` ծայրահեղ սուղ ժամկետներում և նշիր, որ միշտ պատրաստ ես նոր պատասխանատվություն ստանձնելու:
Պահպանիր ընկերական տոնը
Հարվարդի համալսարանի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թե՛ տղամարդ, թե՛ կին տնօրենները կանացի սեռի աշխատակիցների կողմից աշխատավարձի բարձրացման կտրուկ պահանջը համարում են ագրեսիայի դրսևորում և հակված չեն նման աշխատակիցների հետ համագործակցությունը շարունակելուն: Փոխարենը՝ պարզվել է, որ, ի տարբերություն տղամարդկանց, այն կանայք, ովքեր բանակցության ավելի մեղմ տարբերակ են ընտրել, ղեկավարության հետ նման խնդիրներ չեն ունեցել և նույնիսկ շատ դեպքերում հասել են իրենց նպատակին:
«Այնպես որ, սկսիր զրույցը՝ քո արած գործի կարևորությունը նշելով»,- խորհուրդ է տալիս Միլլերը և եզրափակիր հետևյալ կերպ. «Հաշվի առնելով իմ ներդրումը` կուզեի իմանալ աշխատավարձի բարձրացում ստանալու հեռանկարների մասին: Ի՞նչ եք կարծում, դա հնարավո՞ր է»: Այդ հարցով դու ցույց կտաս քո հարգալից վերաբերմունքը տնօրենիդ հանդեպ և ձեռք կբերես նրա դրական տրամադրվածությունը: Սակայն չընկնես ծայրահեղության գիրկը` ասելով, որ եթե այս պահին քո խնդրանքը կատարելու տարբերակ չկա, հոգ չէ: Դրանով ամեն ինչ կփչացնես ու ցույց կտաս, որ առանց աշխատավարձի ավելացման էլ պատրաստ ես աշխատել նախկին ոգևորությամբ:
Անցանք թվերին
Եթե քո փաստարկներով կարողանաս ի վերջո համոզել տնօրենիդ` պատրաստ եղիր լսել ամենակարևոր հարցը` որքա՞ն: Միայն թե չպատասխանես, որ թողնում ես դա ղեկավարիդ հայեցողությանը:
Նախքան զրույցը կոնկրետ որոշիր՝ որքան գումար ես ակնկալում: «Առհասարակ նման դեպքերում ընդունված է ակնկալել աշխատավարձի 5-10 % ավելացում: Եղիր համարձակ, խնդրիր 10 %»,- խորհուրդ է տալիս Ֆրանկելը: Ուզում ես ավելի շա՞տ: Այդ տարբերակն էլ է հնարավոր, եթե կարողանաս ապացուցել ղեկավարիդ, որ քո շնորհիվ ընկերությունը մեծ առաջընթաց է ապրել: Եվ ամենակարևորը` չմոռանաս շնորհակալություն հայտնել տնօրենիդ, բնականաբար՝ դրական արդյունքից հետո:
Եթե չհաջողվեց...
Մերժո՞ւմ ես ստացել: Մի՛ վհատվիր. ցանկացած իրավիճակից կարելի է օգուտ քաղել:
Եթե ոչ մեկը, ապա մյուսը: Շատ հնարավոր է, որ քո ընկերությունը պարզապես լրացուցիչ միջոցներ չունի քո խնդրանքը կատարելու համար: Այդ դեպքում խնդրիր տնօրենիդ քո պաշտոնի անվանումը փոխել ավելի ծանրակշիռ տարբերակով կամ տարեկան արձակուրդդ երկարացնել մեկ շաբաթով:
Աչքաթող չանես: Եթե աշխատավարձի բարձրացումն այս պահին հնարավոր չէ, պայմանավորվիր ղեկավարիդ հետ որոշ ժամանակ անց կրկին այդ հարցը քննարկելու մասին: Հստակ ժամկետ սահմանելով` ցույց կտաս, որ լուրջ ես տրամադրված և նաև ժամանակ կտաս ղեկավարությանն՝ այդ հարցը վերանայելու:
Արա ճիշտ հետևություններ: Անգամ եթե քո խնդրանքը մերժվել է, զգոնությունդ մի՛ կորցրու: Հարցրու ղեկավարիդ, թե ինչ լրացուցիչ պարտականություններ կարող ես վերցնել. այսպես աշխատավարձի բարձրացման հավանականությունը մեծանում է:
Եղի՛ր լավատես: Զայրույթդ թափիր ընկերներիդ ու սիրած տղայիդ վրա, բայց աշխատավայր ներկայացիր լավ տրամադրությամբ ու երբևիցե ցույց չտաս դժգոհությունդ կամ հիասթափությունդ: Նման դրական վերաբերմունքը կխոսի քո բարձր պրոֆեսիոնալիզմի մասին:
Սկսիր փնտրել: Այլ աշխատանքային տարբերակներ փնտրելը շատ ճիշտ մոտեցում է տվյալ իրավիճակում: Ի՞նչ իմանաս, գուցե քեզ հաջողվի գտնել թե՛ ավելի հետաքրքիր, թե՛ ավելի լավ վարձատրվող աշխատանք: