1in.am-ը գրում է.

Զորի Բալայանի նամակը՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, մտահոգությունն արտահայտելու միջոց էր, սակայն տպավորություն կա՝ կարծես մենք բացակայում ենք. այն գրելիս հայ ազգի կարծիքը հաշվի չի առնվել: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

«Սա ամեն ազգայինից խորթացած, օտարին հարազատացած մարդու քայլ էր: Ինչպե՞ս կարող էինք նրանից արժանապատիվ, հզոր նամակ սպասել: Նամակում հայ մարդը՝ որպես տանտեր, ինչպես նաև հայ պետությունը չկային»,- հարց հնչեցրեց նա՝ հավելելով, որ անկախ պետականություն ունեցող երկրի քաղաքացին նման քայլ անելու իրավունք չուներ:

Ասուլիսի մյուս բանախոս՝ երաժիշտ Արտավազդ Բայաթյանն էլ իր հերթին նշեց, որ Զորի Բալայանը խիզախ մտավորական է և որոշել է գրել մի մարդու, ումից կախված է աշխարհի ճակատագիրը:

«Այն, որ մեր տարածաշրջանի անվտանգությունն այդ մեծ երկրից է կախված՝ ակնհայտ է: Զորի Բալայանի նամակը հենց այնպես չի գրվել և հենց այնպես չի մատուցվում: Կարծում եմ՝ Բալայանն առանց լուրջ պատճառի Պուտինին նման նամակ չէր գրի: Սա հասարակական պահանջ էր, բնական է, որ այն պետք է էմոցիոնալ ստացվեր: Այս նամակը շատ կարևոր է»,- ասաց երաժիշտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել