Lragir.am-ը գրում է.
Ռուսական երկաթուղիներ ընկերությանը մերժել են 30 միլիարդ ռուբլու սուբսիդիան, որ ընկերությունն ակնկալում էր կառավարությունից 2014 թվականին երկաթուղային փոխադրումների գինը սառեցնելու դիմաց: Ռուսական երկաթուղիներին եւ մի քանի այլ մենաշնորհային դիրքեր զբաղեցնող ընկերություններին ՌԴ կառավարության ղեկավար Մեդվեդեւը շաբաթներ առաջ հորդորել էր չթանկացնել գները 2014 թվականին:
Ռուսական երկաթուղիները հայտարարել էին, որ այդ դեպքում ընկերությունը ստիպված կլինի հրաժարվել ներդրումային ծրագրերից եւ կրճատել աշխատակիցներին:
Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը հայտարարել է, որ կառավարությունը ընկերությանը չի տրամադրի 30 միլիարդ ռուբլու սուբսիդիա: Այդ մասին գրել է РБК daily-ն: Կլեպաչը ասել է, որ Եուսական երկաթուղիներին մերժել են նավթամթերքների տեղափոխման սակագնի ինդեքսացիան, ինչն էլ ընկերությանը բերելու էր հավելյալ 30 միլիարդը:
Այս տեղեկությունը հետաքրքրական է նրանով, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի եւ Պուտինի հանդիպման արդյունքներով հայտարարվեց, թե իբր Ռուսաստանը 15 միլիարդ ռուբլու ներդրում է անելու հայկական երկաթուղիներում, որը հավատարմագրային կառավարման է տրված Ռուսական երկաթուղիներ ընկերությանը:
Եթե ռուսական երկաթուղիները զրկվում են հավելյալ 30 միլիարդ ռուբլուց, ապա կարելի է ասել, որ Հայաստանն էլ փաստացի զրկվում է 15 միլիարդս ռուբլու ներդրումից: Միամտություն կլինի կարծել, որ Ռուսական երկաթուղիները իրենց գործերը Ռուսաստանում թողած, Հայաստանում 15 միլիարդ ռուբլու ներդրում են անելու ֆինանսապես դժվար տարում: Ընդ որում, ՌԴ կառավարության որոշմամբ, հաջորդ ՝ 2015-2016 թվականներին էլ ընկերությունը գների ինդեքսացիա կարող է անել մինչեւ 5 տոկոսի սահմաններում, ինչը նշանակում է, որ առաջիկա երեք տարում Հայաստանը հազիվ ստանա 15 միլիար ռուբլին:
Թեեւ իհարկե ամենասկզբից էլ պարզ էր, որ սեպտեմբերի 3-ին հայտարարված ռուսական տնտեսական ներդրումները Հայաստանի համար, ընդամենը բլեֆ են, որի նպատակը Մաքսային միության խայտառակ որոշման հրապարակումից հետո Հայաստանի իշխանության դեմքը մի քիչ փրկելն է: