1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարծում է, որ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծած տեղեկությունների հրապարակումը Guardian-ում վնաս է հասցրել Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը: Այդ մասին Քեմերոնը հայտարարել է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում հարցուպատասխանի ժամանակ՝ փոխանցում է RIA Novosti -ն:
Ավելի վաղ այն մասին, որ տվյալների հրապարակումը, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի Կառավարական կապի վարչության գործունեությանը վերաբերող, վնասում է ազգային անվտանգության շահերին, հայտարարել էր հակահետախուզական MI5 ծառայության ղեկավար Էնդրյու Փարքերը: Քեմերոնն այդ ժամանակ աջակցել էր նրան, չնայած երկուսն էլ ուղիղ չէին նշել թերթի ու Սնոուդենի անունը:
Guardian-ի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը հիանալի հասկացել էր ակնարկները և պատասխանել Փարքերի հայտարարությանը: Նա տեղեկությունները հրապարակելու որոշումը բացատրել էր նրանով, որ ԶԼՄ-ների խնդիրն է խթանել հասարակական քննարկումը, իսկ լրագրողները կարող են այնպիսի թեմա ընտրել, որը կծառայի այդ նպատակին: