...Մի մեծ ու ընդարձակ երկրատարածքում իշխում էր մի թագավոր, որին «Հունաց Արքա» էին կոչում: Նա մի տեսակ մորթու հիվանդությամբ էր տառապում: Ոչ մի բժիշկ չէր կարողացել հասկանալ նրա հիվանդության պատճառը և բուժել նրան:
Նա շատ էր տխրում ու տառապում իր այդ վիճակի պատճառով: Մի օր, այդ երկիր եկավ մի ծերունի բժիշկ, որին կոչում էին «Հեքիմ Ռույան»: Նա տեղեկացավ թագավորի հիվանդության մասին, գնաց պալատ, ներկայացավ թագավորին ու ասաց. - «Առանց ոչ մի դեղ ու դարմանի շատ կարճ ժամանակում կարող եմ բուժել Ձեզ»:
Հունաց Արքան զարմացած ասաց. - «Եթե խոսքդ ճշմարիտ լինի ու կատարես այն, ինչ ուզես կտամ քեզ»:
Հեքիմ Ռույանը խոնարհվեց ու ասաց. - «Վաղը կգամ Ձեզ այցի»: Հաջորդ օրը Հեքիմ Ռույանը գնաց պալատ, իր հետ տանելով մի ճոկան ու ճոկանախաղի գնդակ: Դառնալով թագավորին ասաց. - «Նստեք ձիուն, գնացեք ճոկանախաղի դաշտ, այնքան ճոկանով զարկեք գնդակին, որ Ձեր ձեռքն ու բազուկը բացվեն, հետո վերադարձեք պալատ, մտեք բաղանիք և լվացեք Ձեր մարմինը և ապա քնեցեք, երբ արթնանաք, Դուք առողջացած կլինեք»: Հունաց Արքան կատարեց բժշկի պատվերները ու երբ արթնացավ, զարմանքով նկատեց, որ մորթու վրա հիվանդությունից ոչ մի հետք չի մնացել: Ուրախությունից ճիչ արձակեց և հրամայեց իր մոտ բերել Հեքիմ Ռոյանին: Հեքիմին տեսնելով թագավորը տեղից ելավ, նրան իր գիրկն առավ ու բացականչեց. - «Ո՜վ ճարտար հեքիմ, առողջությունս քեզ եմ պարտական ու նրան նստեցրեց իր կողքին: Նրանք սիրալիր ու ջերմ մթնոլորտում ճաշեցին և թագավորը հրամայեց նրան պարգևել մի քսակ լիքը ոսկեդրամներ և այլ թանկարժեք նվերներ: Հեքիմը նվերները ստացավ ու աղոթեց թագավորի արևշատության համար: Հրաժեշտի պահին թագավորը նրան խնդրեց հաջորդ օրն էլ իրեն այցի գա: Այդպիսով Հունաց Արքան ու Հեքիմ Ռույանը դարձան բարեկամներ: Հունաց Արքան ուներ մի շատ նախանձոտ վեզիր: Նա, տեսնելով թագավորի սիրալիր վերաբերմունքը Հեքիմի նկատմամբ նրան խանդում և խորհում էր մի ելք գտնել՝ Հեքիմին թագավորի աչքից գցելու համար:
Ու մի օր էլ ներկայացավ արքային ու ասաց. - «Ո՜վ մեծ արքա, ես Ձեզ հարազատ ու սրտցավ մարդ եմ, ուստի պարտք եմ համարում Ձեզ տեղեկացնել վերահաս վտանգից»:
Հունաց Արքան զարմացկոտ հարցրեց. - «Այդ ի՞նչ վտանգի մասին ես խոսում նախարար»:
Նախարարը պատասխանեց. - «Մի առ ժամանակ է ինչ Դուք բարություն եք անում Ձեր արյանը ծարավ թշնամուն և դրան լավ վախճան չի սպասում»:
Թագավորը տեղից ելավ ու ասաց. - «Ի՞մ արյան ծարավ թշնամին, բայց դա ո՞վ է, որին ես չեմ ճանաչում»:
Նախարարը պատասխանեց. - «Նա ոչ այլ ոք է, եթե ոչ Հեքիմ Ռույանը և նպատակ է դրել սպանել Ձեզ»:
«Այդ ի՞նչ ես ասում, Հեքիմ Ռույանը ինձ փրկեց հիվանդության մեծ տառապանքից ու եթե ես իմ ամբողջ հարստությունը բաշխեմ նրան, շատ չնչին բանով հատուցած կլինեմ իրեն: Երևում է, որ խանդում ես նրան: Ուզում ես ինձ վատատես դարձնել նրա հանդեպ, որպեսզի սպանել տամ նրան ու հետո էլ զղջամ իմ արածից».-ասաց թագավորը:
Նախարարը խորամանկորեն պատասխանեց. - «Բայց, Տեր իմ, ես Ձեր լավն ու բարին եմ ցանկանում ու խոսքիս վրա կմնամ, որ Հեքիմ Ռույանը Ձեր թշմշնամին է, եթե Դուք նրան չսպանեք, նա Ձեզ կսպանի»:
Հունաց արքան խորասուզվեց մտքերի մեջ ու քիչ անց դառնալով վեզիրին ասաց. - «Թերևս դու ճշմարտացի լինես, քանզի նա շատ հզոր մարդ է, ու այդպես հեշտությամբ կարողացավ բուժել ինձ, ուստի հեշտությամբ էլ կարող է իմ մահվան պատճառ դառնալ»:
Վեզիրը, տեսնելով որ խոսքերն ազդել են թագավորի վրա, պատասխանեց. - «Շատ ուրախ եմ, որ ի վերջո համոզվեցիք, որ Ձեր կյանքին վտանգ է սպառնում»: Հունաց Արքան հրամայեց անմիջապես պալատ բերման տալ Հեքիմ Ռույանին, իսկ վերջինս ամեն ինչից անտեղյակ ներկայացավ արքային: Թագավորը դառնալով նրան ասաց. - «Ո՜վ հեքիմ, գիտե՞ս ինչու եմ քեզ կանչել»:
Հեքիմը մի քիչ մտածեց ու պատսխանեց. - «Ոչ, Տեր իմ, որտեղի՞ց պիտի իմանամ»:
Հունաց Արքան կատաղած տոնով բացականչեց. - «Քեզ ուզել եմ, որ մահվանդ վճիռն արձակեմ»:
Հեքիմ Ռույանը զարմացած ու իր լսածին չհավատալով ասաց. - «Իմ մահվա՞ն վճիռը, բայց ինչու՞, ո՞ր մեղքիս համար»:
Արքան պատասխանեց. - «Ինքդ լավ գիտես, թե ինչու, դու լրտես ես և ինձ սպանելու մտադրություն ունես», - ասաց ու կանչեց դահճին:
Հեքիմ Ռույանը լաց եղավ ու ասաց. - «Ո՜վ մեծ արքա , սա՞ է իմ արած լավության պատասխանը»:
Հունաց Արքան պատասխանեց. - «Եթե ես քեզ չսպանեմ, դու ինձ կսպանես»: Դահիճը մոտեցավ Հեքիմին ու սպասեց թագավորի հրամանին:
Հեքիմը թագավորի ոտքն ընկավ ու աղաչեց. - «Գթացեք ինձ, մի սպանեք, ես անմեղ եմ»: Թագավորը, սակայն, ուշք չդարձնելով նրա աղերսանքին պատրաստվեց մահավճիռն արձակել, իսկ արքայի մերձավորները նրան խնդրեցին ներել հեքիմին:
Թագավորը բարկացավ ու գոռաց. - «Միթե չտեսա՞ք, թե նա ինչպես մի մական տվեց ինձ ու հիվանդությունս բուժեց, կարծում եք չի՞ կարող մի ծաղիկ տալ ինձ, որ հոտ քաշեմ ու մեռնեմ»:
Հեքիմ Ռույանը հասկացավ ու համոզվեց, որ թագավորը չի փոխելու իր որոշումը, ուստի վերջին պահին մի միտք հղացավ և դառնալով արքային ասաց. - «Ես պատրաստ եմ մեռնելու համար, բայց մի խնդրանք ունեմ, թույլ տվեք գնամ տուն, կտակս անեմ և Ձեզ համար նվեր բերեմ մի թանկարժեք գիրք»:
Թագավորը հարցրեց. - «Այդ ինչպիսի՞ արժեքավոր գրքի մասին ես խոսում»:
Հեքիմը պատասխանեց. - «Դա մի զարմանալի ու կախարդական գիրք է, որը շատ օգուտներ կարող է ունենալ, այդ օգուտներից մեկն էլ այն է, որ ինձ սպանելուց հետո, եթե գիրքը բացեք ու նրա ձախ էջից երեք տող կարդաք, իմ կտրված գլուխը խոսել կսկսի և ինչ հարց որ տաք նրան, Ձեզ կպատասխանի: Թագավորը համաձայնեց նրա խնդրանքին և հեքիմը պահակների ուղեկցությամբ գնաց իր տուն և երեք օր անց պալատ վերադարձավ: Ձեռքում մի հնամաշ գիրք կար և մի փոքր անոթ, որի մեջ ինչ-որ փոշի կար: Խնդրեց մի մեծ տաշտ բերեն և այդ փոշին լցրեց տաշտի մեջ, գիրքը տվեց թագավորին և ասաց. - «Ինձ սպանելուց հետո, գլուխս դրեք այս տաշտի մեջ և վրան այս փոշուց քսեք մինչև արյունը մակարդվի, հետո գիրքը բացեք, նրա ձախ կողմի էջից երեք տող կարդացեք և ինչ որ կուզեք հարց տվեք իմ կտրված գլխին»:
Հունաց Արքան նայեց գրքին, փորձեց թերթել այն, բայց նկատեց, որ գրքի էջերը կպած են իրար, ցուցամատը բերանի ջրով թացացրեց և փորձեց թերթել գիրքը, վերջապես գրքի հինգ էջերը անջատվեցին իրարից, սակայն այդ էջերում ոչինչ գրված չէր, դարձավ հեքիմին ու ասաց. - «Այս էջերը բոլորն սպիտակ են»:
Հեքիմն ասաց. - «Տեր իմ, կրկին թերթեք գիրքը», և թագավորը կրկին մատը բերանում թացացրեց և մի քանի այլ էջեր բացեց, որոնց մեջ էլ ոչինչ գրված չէր: Թագավորը բարկացած նայեց հեքիմին և փորձեց մի բան ասել, սակայ խիստ գլխապտույտ ստացավ, գունատվեց ու շնչահեղձ մի բարձր ճիչ արձակեց ու գետին փռվեց: Գրքի էջերին հեքիմի քսած թույնը թագավորին սպանել էր: Այնուհետև ժողովուրդն ամենուր ասում էր. - «Եթե Հունաց Արքան չէր որոշել սպանել Հեքիմ Ռույանին, ինքն էլ չէր սպանվի»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Arevelq/posts/666714763347417
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել