Footsport.am-ը գրում է.
Հայաստանի ֆուտբոլի hավաքականը հոկտեմբերի 15-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը իտալացիների հետ: Անկախ խաղի վերջնական ելքից`սա նշանակալի իրադարձություն է մեր ֆուտբոլային կյանքում: Իտալացիների հետ ոչ-ոքի խաղալ, այն էլ նրա հարկի տակ, քչերին է հաջողվում:
Footsport-ը 10 միավորանոց բալային համակարգով գնահատել է մեր ֆուտբոլիստների գործողությունները: Մեր կարծիքը սուբյեկտիվ է և հնարավոր է դրա հետ գտնվեն չհամաձայնվողներ:
Ռոման Բերեզովսկի`8,0- Հայաստանի հավաքականի դարպասապահը կրկին հուսալի խաղաց և իր գործողություններով վստահություն հաղորդեց խաղընկերներին: Մի քանի դրվագում փորձառու դարպասապահը հավաքականին փրկեց վերահաս գոլից: Բաց թողած գոլերում դժվար է տեսնել դարպասապահի մեղավորությունը:
Լևոն Հայրապետյան`7,0-Հիմնականում հուսալի խաղաց իր եզրում, սակայն առաջին բաց թողած գոլում սխալվեց:
Հրայր Մկոյան`7,5- Մեր պաշտպանի ներուժը մեծ է, սակայն
նկատելի է, որ նա վնասվածքից հետո ամբողջովին չի վերականգնվել և իրեն հատուկ վստահությամբ չէր գործում:
Ռոբերտ Արզումանյան`7,5-Մեր կենտրոնական պ
աշտպանը մի քանի դրվագներում հուսալիորեն կանխեց մրցակցի գրոհները, սակայն Ռոբերտն այս անգամ էլ անթերի չխաղաց:
Վարազդատ Հարոյան`7,5- Երիտասարդ ֆուտբոլիստը խաղից խաղ աճում է և ավելի վստահ ու համարձակ է գործում պաշտպանության կենտրոնում, սակայն երբեմն դիմում է անտեղի խախտումների:
Արթուր Եդիգարյան`7,0- Մշտապես պայքարի կիզակետում հայտնվող մեր կիսապաշտպանի խաղում սխալները սովորականից շատ էին: Սակայն Արթուրի համառությունն ու թիմին օգտակար լինելու մեծ ձգտումը մեր հավաքականի համար անհրաժեշտություն է:
Կառլեն Մկրտչյան`7,5- Մեծ ծավալի աշխատանք կատարեց` մրցակցի գրոհները կասեցնելու առումով, փորձեց սպառնալ նաև իտալացիների դարպասին, սակայն անհաջող:
Արաս Օզբիլիս`7,5- Մեր հավաքականի կառուցողական խաղի հիմնական կազմակերպիչներից մեկի մրցելույթն այս անգամ սովորականի նման տպավորիչ չէր:
Հենրիխ Մխիթարյան`8,5- Գործեց իր սովորական ոճով` մրցակցի խաղացողների ուժեղ հսկողության ներքո: Գրոհների կազմակերպման հիմնական պարտականությունները Մխիթարյանն էր կատարում: Չնայած մրցակցի աչալրջությանը հենց Հենրիխը դարձավ մեր երկրորդ գոլի հեղինակը: Մեր կարծիքով` Մխիթարյանն էր հանդիպման լավագույն խաղացողը:
Գևորգ Ղազարյան`7,5- Մեծ ծավալի աշխատանք կատարեց հատկապես պաշտպանական առումով: Սակայն անհրաժեշտ ակտիվությունը քիչ էր առջևի գծում:
Յուրա Մովսիսյան `8,0-Առաջ քաշված մեր հարձակվողը նույնպես գտնվում էր մրցակցի ուժեղ հսկողության տակ: Այնուամենայնիվ, Յուրան բաց չթողեց ընձեռված հնարավուրությունը` վարպետորեն օգտագործելով մրցակցի պաշտպանի սխալը:
Մեր հավաքականի կազմում փոխարինման մտած Կամո Հովհաննիսյանը, Արթուր Սարկիսովը և Մարկոսը քիչ ժամանակահատված անցկացրեցին խաղադաշտում, այդ պատճառով զերծ կմնանք նրանց գործողությունները գնահատելուց: