A1plus.am-ը գրում է.

Գրող, հրապարակախոս Զորի Բալայանը հերքում է, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինին ուղղված իր բաց նամակում գրել է, որ ԼՂՀ-ն պետք է հանձնել Ռուսաստանին։

«Նամակում ոչ մի միտք, նամյոկ չկա կապված այն մասին, որ Ղարաբաղը պետք է հանձնենք Ռուսաստանին։ Մեկից հարցրեք, թե որտեղից է վերցրել նման բան, ախր դա վիրավորական է։ Իմ նպատակն ուրիշ է եղել, և ուրիշ է, ոչ թե եղել է»,- «Ա1+»-ին ասաց Զորի Բալայանը։

Ինչ վերաբերում է իր նամակում Գյուլիստանի պայմանագրին անդրադառնալուն, ապա,

«Այս նամակի հիմքում ընկած են նշումներ արված Գյուլիստանի պայմանագրի լուսանցքներում: Ընդգծեմ, որ դրանց մեջ մի քանի անգամ հանդիպում է Ձեր ուսուցչի`Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր Անատոլի Սոբչակի անունը: Եվ ահա ցանկություն առաջացավ բաց նամակն սկսել նրա բառերով. «Գորբաչովի, եթե չասենքՙ մեր ողջ դժբախտությունը սկսվեց նրանից, որ հայկական ինքնավար մարզը հայկական միութենական հանրապետությանը միացնելու հայերի տրամաբանական պահանջը նա որակեց որպես «Ղարաբաղի խնդիր»: Մինչդեռ, դա ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է...»:

Պարոն Բալայանն անկեղծացավ և նշեց, որ Գյուլիստանի պայմանագիրն ուղղակի առիթ էր՝ Վ. Պուտինին նամակ գրելու համար։

«Այս տարի նշվում է Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակը։ Այս պայմանագրից հետո 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արևելյան Հայաստանը Պարսկաստանից մտել է Ռուսաստան, դա մեզնից անկախ է եղել։ Հիմա էդտեղ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ստեղծել են մի նոր թուրքական հանրապետություն, որը կոչել են Ադրբեջան՝ մեր պատմական հողի վրա։ Ես սա եմ ուզում ասել»։

Զորի Բալայանը զարմանում և միաժամանակ զայրանում ու չի հասկանում, թե ինչու են համատարած իրեն քննադատում։

«Ես չեմ հասկանում էդ բառը, սկզբից պետք է քննես, հետո դատես։ Անընդհատ խոսում են, որ ես ասել եմ՝ Ղարաբաղը պետք է հանձնենք Ռուսաստանին։ Իմ տեքստում կա, որ Ղարաբաղը ԼՂԻՄ-ը չէ, որ Ղարաբաղն ունի սահմանադրական առումով ձեռք բերած, հաստատված այդ ազատագրված հողերը, որը հողեր չեն՝ հայրենիք են։ Սա է։ Եթե ես այսքանն ասում եմ, ոնց կարելի է հասկանալ, որ ես ասում եմ՝ պետք է տանք Ռուսաստանին»։

Հրապարակախոսը նաև հերքեց այն լուրերը, թե ինքը նամակը գրել է իշխանությունների պատվերով։

«Դա անհեթեթություն է։ Ես կես տարի է այդ նամակը գրում եմ և գիտեմ՝ ինչի համար եմ դա արել։ Ես նույն բանը գրել եմ, երբ Գյուլիստանի պայմանագրի 190 ամյակն է եղել, 185 ամյակն է եղել։ Սա առաջին անգամ չէ։ Էն ժամանակ ոչ Լևոն Տեր-Պետրոսյանին եմ հարցրել, ոչ Ռոբերտ Քոչարյանին։ Ես բաց նամակ եմ գրել Բրեժնեւին, ոչ մեկին չեմ հարցրել, էդ ժանրը շատ կարևոր է մեզ շատ օգուտ է տվել։ Գորբաչովին գրել եմ՝ ոչ մեկից չեմ հարցրել»,-ասաց Զորի Բալայանը։

Նա անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքին. «Նա չի գրել, թե այդ նստաշրջանի ընթացքում ես ինչ դղդրդալից ելույթ եմ ունեցել։ Դա լրիվ ուրիշ հարց է»։

Ինչ վերաբերում է Պարույր Հայրիկյանի հայտարարությանը, որ Զորի Բալայանը լավ մտավորական է, բայց հայ չէ, պարոն Բալայանը շատ հանգիստ տոնով նշեց, որ ինքը որպես բժիշկ ներում է Հայրիկյանին.

«Եթե ինքը այդպիսի բան է ասել, էդպիսի մոտեցումն արդեն լուրջ չի ոչ տղամարդու, ոչ ինտիլիգենտի համար։ Եթե այդպիսի բան ասել է՝ ես իրեն ներում եմ, որովհետև, ուրեմն, ինքը հիվանդ է»։

Զորի Բալայանը, ցանկանալով վերջ դնել բոլոր քննադատություններին, ասաց.
«Նկատվում է, որ շատերը որ քննադատում են՝ պատվերով է։ Աստված իրենց պահապան, թող մի քիչ լուրջ մոտենան և նորից՝ սկզբից մինչև վերջ կարդան իմ նամակը»,-եզրափակեց Զորի Բալայանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել