Emedia.am-ը գրում է.

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Շալվա Փիփիայի գլխավորած պատվիրակությանը:

Այդ մասին հաղորդում է ՀՀ Կառավարության մամլո ծառայությունը: 
«Մենք կարևորում ենք Վրաստանի հետ փոխհարաբերությունների ամրապնդումն ու խորացումը և քայլեր կձեռնարկենք, որպեսզի այդ կապերը կոնկրետ արդյունքներ տան»,- ողջույնի խոսքում նշել է ՀՀ կառավարության ղեկավարը: Վարչապետը կարևորել է երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների համար փոխգործակցության նպաստավոր միջավայրի ձևավորումը և տեղեկատվության փոխանակումը:

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ կապերի սերտացման և համագործակցության հեռանկարային ուղղությունները: Անդրադարձ է եղել երկու երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման և արտահանման ծավալներին:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպմանը Վրաստանի գյուղատնտեսության նախարար Շալվա Պիպիյան հետաքրքրվել է մեր երկրում իրականացվող գյուղատնտեսական նոր քաղաքականությամբ, գյուղոլորտի այս տարվա ցուցանիշներով, համագործակցության ընդլայնման հնարավորություններով:

Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ պետական աջակցության ծրագրերի ու բարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունքում, գյուղատնտեսական տարին բարեհաջող էր և ներկայացրել գյուղոլորտի բավականին տպավորիչ արդյունքները:

«Ավանդաբար Հայաստանից Վրաստան են արտահանվել կարտոֆիլ, միրգ, բանջարեղեն և խաղող, իսկ Վրաստանից Հայաստան՝ ցիտրուսային մրգեր: Մեր երկրները ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիրը, ինչը կոչված է օժանդակել դինամիկ առևտրային հարաբերությանը և խոչընդոտներ չհարուցել մաքսային ճանապարհներին ապրանքների արտահանման և ներմուծման համար»,-ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Իր հերթին Վրաստանի գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է իր երկրի գյուղատնտեսական առաջանցիկ ծրագրերը՝ անդրադառնալով գյուղատնտեսական ռեսուրսների համատարած հաշվառմանը, ապահովագրական ծրագրերին, կոոպերացիային. «Վերջին ամիսներին առևտրային բանկերը երկարաժամկետ վարկային ռեսուրսներ են տրամադրել նոր կազմավորվող գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցելու նպատակով, և մենք արդեն ընդունել ենք գյուղատնտեսական կոոպերացիայի մասին օրենքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել