1in.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Շալվա Պիպիյայի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում վրացական կողմը հետաքրքրվել է մեր երկրում իրականացվող գյուղատնտեսական նոր քաղաքականությամբ, գյուղոլորտի այս տարվա ցուցանիշներով, համագործակցության ընդլայնման հնարավորություններով:

ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ պետական աջակցության ծրագրերի ու բարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունքում, գյուղատնտեսական տարին բարեհաջող էր և ներկայացրել է գյուղոլորտի բավականին տպավորիչ արդյունքները:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարը մասնավորապես նշել է . «Կարծում եմ՝ երկուստեք ներդրված ջանքերը պետք է նպատակաուղղվեն համագործակցության հետագա ամրապնդմանը: Ավանդաբար Հայաստանից Վրաստան են արտահանվել կարտոֆիլ, միրգ, բանջարեղեն և խաղող, իսկ Վրաստանից Հայաստան՝ ցիտրուսային մրգեր: Մեր երկրները ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիրը, ինչը կոչված է օժանդակել դինամիկ առևտրային հարաբերությանը և խոչընդոտներ չհարուցել մաքսային ճանապարհներին ապրանքների արտահանման և ներմուծման համար»,-ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը: Իր հերթին Վրաստանի գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է իր երկրի գյուղատնտեսական առաջանցիկ ծրագրերը՝ անդրադառնալով գյուղատնտեսական ռեսուրսների համատարած հաշվառմանը, ապահովագրական ծրագրերին, կոոպերացիային. «Վերջին ամիսներին առևտրային բանկերը երկարաժամկետ վարկային ռեսուրսներ են տրամադրել նոր կազմավորվող գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցելու նպատակով, և մենք արդեն ընդունել ենք գյուղատնտեսական կոոպերացիայի մասին օրենքը», - տեղեկացրել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարը: Հանդիպման վերջում կողմերը ևս մի անգամ շեշտել են հայ-վրացական տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունը,իսկ Վրաստանի գյուղատնտեսության նախարար Շալվա Պիպիյան Հայաստանի գյուղատնտեսության նախարարին աշխատանքային այցով հրավիրել է Վրաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել