1in.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ Վրաստանը չպետք է «իմպուլսիվ, նյարդային» լինի և հապճեպ որոշումներ կայացնի 2014-ի Սոչիի Օլիմպիական խաղերին մասնակցելու վերաբերյալ: Նա հավելել է, որ հրաժարվելու դեպքում Վրաստանն աջակցություն չի ստանա:

Իվանիշվիլիի խոսքով՝ եթե Վրաստանը ցանկանում է հարթել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա վրացի մարզիկներն անպայման պետք է մեկնեն Սոչի:

«Դեռևս բավականին ժամանակ կա, և չեմ հասկանում՝ ինչու մենք պետք է շտապենք: Հրաժարվել կարող ենք ցանկացած պահի, սակայն չպետք է այնպիսի տպավորություն թողնել, որ այսօր հրաժարվել ենք, իսկ վաղը համաձայնում ենք, և հակառակը: Սպասենք իրադարձությունների զարգացմանը»,- Ria Novosti-ն մեջբերում է վարչապետի խոսքերը:

Իվանիշվիլին, սակայն, չի բացառել նաև հրաժարվելը, «եթե Օլիմպիական խաղերի սկսվելուց առաջ այնպիսի զգացողություն լինի, թե Վրաստանի համար մասնակցելը նվաստացուցիչ է»:

«Մի՞թե հրաժարվելով մենք ցանկանում ենք վախեցնել աշխարհին: Ձեզ դուր կգա՞, եթե մենք մենակ մնանք: Պետությունը պետք է հավասարակշռված որոշում կայացնի»,- հավելել է Վրաստանի վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել