1in.am-ը գրում է.
Օհայո նահանգի ոստիկանությունը հետապնդել է ոչ սթափ վիճակում գտնվող վարորդին, ով փախել էր ոստիկանությունից, քանի որ ցանկանում էր վերջացնել իր` «Բիգ Մաք» ուտելը` մինչև իրեն կկանգնեցնեին: Այս մասին գրում է The Smoking Gun կայքը:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին: Այդ օրը մոտ 01:00-ին Բրանսուիք քաղաքի ոստիկանությունը տեղեկություն է ստացել փողոցում «թափառող» ավտոմեքենայի մասին: Բանն այն է, որ արծաթագույն մեքենան շարժվել է McDonalds ռեստորանի մոտից:
Մեքենայի վարորդն անտեսել է կանգնելու խնդրանքը, և ոստիկանները ստիպված հետապնդել են նրան:
Իսկ երբ մի քանի րոպե անց ավտոմեքենան կանգնել է, վարորդը` Ռենդալ Միլլերն, ասել է, որ չէր ցանկանում արգելակել մինչև իր «Բիգ Մաք»-ն ուտելը: Տղամարդը դժվարությամբ է խոսել և նրանից ալկոհոլի հոտ է փչել:
Նրա արյան մեջ ալկոհոլի մակարդակը 3 անգամ գերազանցել է թույլատրելիի սահմանը: