Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից գրեթե մեկ շաբաթ է անցել և որքան էլ ադրբեջանում մի քանի հազարանոց ցույցեր են անցկացվում, հասկանալի է, որ իրավիճակի կտրուկ փոփոխություն այդ երկրում դժվար է պատկերացնել:
Երրորդ անգամ նախագահի պաշտոնում «ընտրված» Իլհամ Ալիևն իր համար «ճանապարհ բացելու» գործընթացը սկսել էր դեռևս 2009 թվականին, երբ նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը, ինչը նրան հնարավորություն տվեց անսահմանափակ անգամ առաջադրել ու պահպանել նախագահի աթոռը: Դրանից հետո, նա ձեռնամուխ եղավ քաղաքական ու հասարական դաշտի ամայացմանը, ինչի արդյունքում 2013 թվականի նախագահական ընտրությունները միայն պայմանական առումով դիտվեցին որպես քաղաքական միջոցառում:
Սակայն Ալիևը միայն իր մրցակիցների «չեզոքացմամբ» չսահմանափակվեց: Փորձ կատարվեց ամեն կերպ սահմանափակել միջազգային իրավապաշտպան կազմակերությունների և միջազգային կառույցների «ներկայությունը» երկրում, ինչի վառ օրինակներից մեկը Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի փոփոխության հարցի բարձրացումն էր:
Ինչևէ, ունենք մի իրավիճակ, որ ոչ միայն ադրբեջանական հասարակության, այլև ողջ աշխարհի աչքի առաջ Ադրբեջանում ընտրությունները կեղծվեցին: Թատերական միջոցառման վերածված այդ պրոցեսը, հասկանալի պատճառներով, գտնվում էր նաև Հայաստանի ուշադրության կենտրոնում:
Ադրբեջանում կայացած գործընթացները մեզ համար պետք է հետաքրքիր լինի ոչ թե Հայաստանի ընտրական գործընթացների ու այնտեղ տեղի ունեցածի համեմատության դաշտում, այլև` Արցախում ու Ադրբեջանում ժողովրդավարության իրական վիճակի ու դրա վերաբերյալ ծայրահեղ տարբեր պատկերացումների համատեքստում:
Այո՛, Ադրբեջանը տարբեր կազմակերպությունների և մասնավորապես «Freedom House» միջազգային կազմակերպության դասակարգման աղյուսակում մշտապես դասվել է ոչ ազատ երկրների շարքում (ՀՀ-ն ու ԼՂՀ-ն՝ մասամբ ազատ երկրների շարքում են), ինչը ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցությունների համատեքստում բավականին կարևոր փաստարկ է:
Ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, ով նախագահի պաշտոնում երրորդ անգամ «ընտրվում» է կեղծված ընտրությունների միջոցով, բանակցային գործընթացում, նույնիսկ դե ֆակտո կարգավիճակով, Արցախի իշխանությունները հանդես են գալիս որպես ժողովրդավարական ընտրությունների միջոցով կազմավորված իշխանություն:



