Նոբելյան մրցանակաբաշխությունը հարուստ պատմություն ունի և արդեն դարից ավել է, ինչ համարվում է ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը՝ գիտության, մշակույթի և հասարակական գործունեության ոլորտներում: 1901 թվականից ի վեր, համաձայն Ալֆրեդ Նոբելի կտակի, այս մրցանակաբաշխության մեջ ներառված է նաև խաղաղության հաստատմանը նպաստելու համար նախատեսված խաղաղության Նոբելյան մրցանակը:
Այս մրցանակին արժանացել են բազմաթիվ արժանավոր մարդիկ ու կազմակերպություններ, բայց հաճախ էլ մրցանակը շնորհվել է մարդկանց, ովքեր ոչ մի կապ չեն ունեցել խաղաղության հետ, իսկ երբեմն էլ ուղղակիորեն և անուղղակիորեն նպաստել են արյունահեղությանն ու պատերազմներին: Նշեմ մի քանի այդպիսի անուններ. Թեոդոր Ռուզվելտ, Հենրի Քիսսինջեր, Միխայիլ Գորբաչով, Նելսոն Մանդելլա, Բարաք Օբամա, ԵՄ... Ի՞նչ կապ ունեն այդ մարդիկ ու կազմակերպությունները խաղաղության հետ:
Ռուզվելտը համարվում է Լատինական Ամերիկայում ամերիկյան գաղութային քաղաքականության կնքահայրն ու հենց նրան է վերագրվում «Մեծ մահակի քաղաքականության» հեղինակային իրավունքները:
Հենրի Քիսսինջերը սառը պատերազմի տարիներին դրա գլխավոր հաղափարախոսներից էր ու Սպիտակ տան գլխավոր ուղեղներից մեկը, ում որոշումներով հեղափոխություններ, հեղաշրջումներ ու պատերազմներ էին սկսվում և ավարտվում:
Միխայիլ Գորբոչովը ոչ միայն ակտիվորեն նպաստեց սեփական երկրի կործանմանը, այլ նրա վարած քաղաքականությունը հանգեցրեց բազմաթիվ արյունահեղ բախումների՝ նախկին խորհրդային հանրապետությունների միջև՝ ինչպիսին Արցախյան պատերազմն էր, ինչպես նաև մի շարք քաղաքացիական կոնֆլիկտների տարբեր երկրների ներսում՝ ինչպիսին Տաջիկիստանի քաղաքացիական պատերազմն էր:
Մանդելան հաղթահարե՞ց ապպարտեիդը... ավելի ճիշտ կլինի ասել, որ սպիտակներն ու սևերը պարզապես փոխվեցին տեղերով այդ ապպարտեիդում, դե իսկ ՀԱՀ-ը շարունակում է համարվել ամենավտանգավոր տեղերից մեկը աշխարհում, չնայած նրան, որ աֆրիկյան մայրցամաքի ամենազարգացած ու հզոր պետություններից մեկն է:
Օբաման Սպիտակ տուն մտավ՝ խոստանալով ավարտել Իրաքյան ու Աֆղանական պատերազմները, բայց արդյունքում դա արեց միայն մասնակիորեն, ակտիվորեն ներգրավվեց նոր պատերազմում՝ ընդդեմ Լիբիայի ու փոքր չի ռիսկը, որ կսկսի նորը՝ Սիրիայում:
ԵՄ-ն ի հեճուկս իր առաջին հայացքից ոչ կոնֆլիկտային ու ոչ ագրեսիվ իմիջի, ևս ակտիվորեն ներգրավված էր Լիբիայի ռմբակոծություններին ու ևս ակտիվորեն զբաղված է Սիրիային սպառնալով...
Այս տարի էլ աբսուրդի թատրոնը սպառնում էր շարունակվել ու մեծ հավանականություն կար, որ խաղաղության մրցանակ կստանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այո՛, նա մեծ վաստակ ունի նրանում, որ Սիրիան հիմա չեն ռմբակոծում, բայց չմոռանանք, որ նույն Պուտինի իշխանության օրոք տեղի ունեցավ Երկրորդ չեչենական պատերազմը, որի ժամանակ նույն Պուտինի հրամանով ռմբակոծվում էր դե յուրե ՌԴ պետական տարածքում գտնվող Գրոզնի քաղաքաը և բազմաթիվ այլ բնակավայրեր, և որի ժամանակ զոհվեցին տասնյակ հազարավոր դե յուրե Ռուսաստանի քաղաքացիներ...
Խաղաղությունը լավ բան է, բայց խաղաղության ջատագով լինելը ամեն մեկի բանը չէ ու եթե կա նման հեղինակավոր ամբիոն, որը մրցանակ է շնորհում հենց այս ոլորտում, ապա խիստ կարևոր է, որ այն բաժին հասնի այնպիսի մարդկանց ու կազմակերպությունների, ովքեր իրոք չեն նկատվել ոչ մի արարքում, որը հակասության մեջ է մտնում բուն խաղաղության հասկացողության ու այս մրցանակաբաշխության ոգու հետ: Բարեբախտաբար այս տարի զերծ մնացին ցինիզմից ու մրցանակը ստացավ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը, որն այժմ էլ զբաղված է Սիրիայի քիմիական զենքի պաշարների ոչնչացումով, ինչը համաձայնվեք իրոք խաղաղությանը նպաստող գործառույթ է:



