168.am-ը գրում է.

Մ-17 աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը 9։0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին ու դուրս եկավ Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:

71 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Նազարյանը գոտեմարտեց թուրք Մուհամադ Ռեսիտ Յուրուկի հետ: Առաջին մրցափուլում մեր մարզիկը 2 միավորի առավելություն ուներ, երկրորդում նա 4 միավորանոց հետ գցում կատարեց՝ հաշիվը դարձնելով 8։0։ Թուրքական կողմը բողոքարկեց, բայց կողային մրցավարները մերժեցին բողոքը. հաշիվը դարձավ 9:0:

Մեկնարկային գոտեմարտում Ջանես Նազարյանը 8:0 հաշվով ժամանակից շուտ պարտության էր մատնել նորվեգացի Մարտին Լետվիկին:

Ավելի վաղ քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել 51 կգ քաշային Գևորգ Հարությունյանը, որը ժամանակից շուտ առավելության էր հասել հունգար մրցակցի նկատմամբ։

48 կգ քաշային Արարատ Ավետիսյանն ու 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը պարտվել են կիսաեզրափակչում ու այսօր կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար:

Նշենք, որ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունն անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաքում հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը: Մրցաշարին մասնակցում են հարյուրավոր մարզիկներ տարբեր երկրներից:
Հայաստանից Ադրբեջան է մեկնել 16 ըմբիշ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել