Հակոբ Բադալյանը գրում է. «Վրաստանում հայտարարվել է հասարակական շարժման մասին, որն իր նպատակ է հռչակել վրացական կրոնական ու ազգային արժեքների եւ ավանդույթների պաշտպանությունը։

Իսկ գիտե՞ք, թե ով է նախաձեռնել ու առաջնորդում շարժումը։ Խառը մենամարտերի՝ ММА մարտիկ Գեորգի Քարտվելիշվիլին։ Նա հայտարարել է, որ համակիրների հետ նախաձեռնել է շարժում, քանի որ ներկայումս համակարգված գրոհի են ենթարկվում վրացական կրոնական եւ ազգային արժեքները, ավանդույթները, եւ կա դրանք պաշտպանելու, ինքնությունը պաշտպանելու կարիք։

Քարտվելիշվիլին ասել է, որ պատրաստ են ցանկացած ռիսկի, ընդհուպ ազատազրկվելու, բայց պետք է պաշտպանել ինքնությունը, որը վտանգի տակ է ներկայիս տեխնոլոգիաների կիրառմամբ կազմակերպվող գրոհների հետեւանքով, որ իրականացվում են նաեւ արտաքին հովանավորությամբ։

Հետաքրքիր է չէ՞։ Ես իհարկե չգիտեմ, խառը մենամարտերի մարտիկը ի՞նքն է իսկապես նախաձեռնել շարժումը, թե՞ նա այսպես ասած դեմքն է, իսկ շարժման թիկունքին գուցե վրացական իշխանությունն է։ Բոլոր դեպքերում, համաձայնեք, որ մեղմ ասած բազմակի նախընտրելի է, երբ ММА մարտիկները հանրությանը ներկայանում են այդպես, այլ ոչ թե զվարճանք–ժամանցային կամ գաստրոնոմիական վայելքների տեսանյութերով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել