1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի գլխավոր խորհրդանիշը՝ Ազատության արձանը, առաջիկա օրերին կբացվի այցելուների համար՝ չնայած երկրում շարունակվող բյուջետային ճգնաժամին: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն:

Նրա խոսքով՝ դրա համար նահանգի կառավարությունն իր միջոցներից օրական 61.6 հազար դոլար կվճարի Ազգային պարկի պահպանման ծառայությանը, որի տնօրինման տակ էլ գտնվում է հուշարձանը:

Հուշարձանը փակ է արդեն 11 օր՝ 2014-ի ֆինանսական տարվա դաշնային բյուջեի բացակայության պատճառով: 

Հուշարձանը բաց է լինում շաբաթը 7 օր: Ամեն օր այնտեղ 7-10 հազար զբոսաշրջիկ է այցելում:

Հինգշաբթի միանգամից մի քանի նահանգներ դիմել էին դաշնային կառավարությանը՝ իրենց տարածքներում գտնվող ազգային պարկերը տեղի բյուջեով բացելու թույլտվության խնդրանքով: Նահանգապետերի խոսքով՝ հոկտեմբերը զբոսաշրջության առումով աշխույժ ամիս է, իսկ այս պայմաններում յուրաքանչյուր օրը վիթխարի կորուստներ է հասցնում: Առաջիկա օրերին կբացվի նաև Մեծ կիրճը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել