Iravunk.com-ը գրում է.

Կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ նկարահանում է "Անպետքը" կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը, սակայն այն ավարտին հասցնելու համար ռեժիսորը ստիպված վաճառքի է հանել իր անձնական ավտոմեքենան:

Ինքնասպանությունները կանխող միտում ունեցող ֆիլմով ռեժիսորը փորձում է այդ քայլին գնացող մարդկանց ասել, թե այս աշխարհում անպետք մարդ գոյություն չունի, եւ եթե Աստված քեզ ստեղծել է, ուրեմն` մի բանի համար պետք ես եւ իրավունք չունես Աստծո ստեղծածի վրա ձեռք բարձրացնել, թեկուզ որ դա քո անձն է."Փորձում ենք ինչ-որ ձեւով մարդկանց հետ աշխատել, բացատրել, որ կարիք չկա դիմել ծայրահեղ քայլերի, որ իրենք ինչ-որ մեկի համար անպայման թանկ են: Պիտի ասեմ, որ ֆիլմը դեռ նկարահանման փուլում արդեն հասել է այդ նպատակին: Մեկը, ով ակամայից մասնակից եղավ ֆիլմի աշխատանքներին, խոստովանեց, որ իր մտքով հաճախ էր անցնում նման բան եւ մեզ հետ զրուցելուց ու ֆիլմի սցենարը կարդալուց հետո մտքափոխ է եղել, հասկացել, որ ինքն իրավունք չունի նույնիսկ մտածել այդ մասին: Իսկ մտածելը վաղ թե ուշ բերում է նաեւ իրագործման" ,- "Իրավունքին" ասաց Ա. Զաքարյանն ու հույս հայտնեց, որ եթե մի հոգի էլ փրկվի, դա իր համար ամեն ինչ է, որովհետեւ հայի կյանքն իր համար ավելի թանկ է, քան այս երկրի վրա ինչ-որ ձեռքբերովի արժեք,- "մեքենան, նյութական ամեն ինչը ձեռքբերովի արժեքներ են, իսկ ինչ ստեղծում ենք, մնայուն արժեքներ են, դրա համար այդքան չեմ ափսոսում ավտոմեքենայիս համար, կարեւորը, որ ֆիլմը ավարտին հասցնենք ու հանձնենք հանդիսատեսին":
Երբ ռեժիսորից հետաքրքրվեցինք, թե ֆիլմի նկարահանման համար արդյո՞ք դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն եւ Ազգային կինոկենտրոն, վերջինս ասաց. "Մի անգամ գնացի Ազգային կինոկենտրոն, ասացին, որ պրոցես պիտի անցնի, իրենք այս տարվա ամբողջ բյուջեն բաժանել են, այսինքն` ես պիտի դիմեմ եկող տարվա համար, դա էլ` պիտի դեռ հաստատեն: Ստացվում էր, որ պիտի մի տարի սպասեմ: Մի տարի էլ, որ սպասեմ, քան՞ի հոգի ինքնասպան կլինի: Օրական 1-2 մարդ է ինքնասպանություն գործում, իսկ ես, կարծում եմ, որ պետք է ֆիլմն ինչքան հնարավոր է արագացնեմ ու հանձնեմ հանդիսատեսին, որպեսզի կանխարգելեմ ինքնասպանությունների դեպքերը":
Դե, իհարկե, ինչ տեսակ ֆիլմի ու միջոցառումների համար ասես համապատասխան կառույցները գտնում են ֆինանսներ ու շռայլում, եւ ինչպես Ա. Զաքարյանն ասաց. "Բա այդ դեպքում իրենց դիմեմ, որ ի՞նչ անեմ..":
Իսկ ռեժիսորի փոխանցմամբ` բարերարները լացում են. "Մի բարերար երկու տարի առաջ վերցրեց իմ սոցիալական հոլովակը, օգտագործեց, ես գումար չուզեցի իրենից, ասացի` հովանավորեք, տասը այսպիսի հոլովակ նկարահանենք: Խոստացավ, ասաց անպայման: Օգտագործեց հոլովակը, հասավ իր նպատակին եւ մինչեւ այսօր լացում է այդ միլիոնատեր բարերարը, թե փող չունի, որ հովանավորի, թեկուզ, եթե մեկ հատ էլ նկարահանենք: Նրանք մենակ սատկած էշ լինի` նալերը հանեն, դրանք են այսօր բարերար կոչվում: Հիմա անուն չեմ հրապարակում, բայց, եթե այսպես շարունակվի, կհրապարակեմ շուտով, մարդիկ կհասկանան, որ այդ բարերարները բոլորն էլ փուչիկներ են, աչքին թոզ փչելու համար են, ու որ իրական գործի ժամանակը գալիս է, տասը դրամ ուզում ես, չեն տա: Նայեք ֆիլմի համար նվիրատվությունների ցուցակը, ուր մոտ 600 հազարի չափ գումար է հավաքվել, որ կես աշխատանքն արդեն արել ենք, նրանց մեջ ոչ մի բարերար կամ էլ հարուստ մարդ չկա: Այսօր Գավառից ուսուցիչը նստել էր երթուղային ու եկել Երեւան, որ ինձ տասը հազար դրամ տա ու հետ գնա Գավառ, դա ինձ համար ամեն ինչ արժե: Եթե մի բարերար միլիոն դրամ տա, միեւնույն է` այդ տասը հազարը միլիոններից թանկ է՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել