Hartak.am-ը գրում է.
Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցան Ադրբեջանի նախագահական ընտրությունները, որն ավարտվեց Իլհամ Հեյդարօղլի Ալիևի հաղթանակով: Նրան անընդունելի, սակայն բոլորի կողմից հասկանալի ձևով հաջողվեց 3-րդ անգամ անընդմեջ գրավել նախագահական աթոռը` հավաքելով քվեների 84,59%-ը:
Առավոտվանից լուրեր էին ստացվում, որ ընտրություններն անցնում են կոպիտ խախտումներով: Նույնիսկ ադրբեջանական ԶԼՄ-ներում մի լուր էր տարածվել, համաձայն որի` ընտրությունների արդյունքներն արդեն նախօրոք որոշված է եղել, և որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ ալիևական թիմը կարողացել է «նկարել» իրենց ուզած տոկոսները: Ինչպես նաև կիրառվել է մեզ լավ հայտնի «կառուսելի» մեթոդը, խոշտանգումներ են եղել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, լրագրողների նկատմամբ: Հետաքրքիր էր նաև ԵՄ պատվիրակների արձագանքը մեր արևելյան հարևանների կազմակերպած ընտրությունների վերաբերյալ. սուր քննադատություն հնչեց ալիևյան ռեժիմի հասցեին պաշտոնական Եվրոպայի կողմից, սակայն կարծում եմ, որ այդ քննադատությունները այդպես էլ կմնան օդում:
Հետաքրքիրն այդտեղ հետևյալն է. ինչպե՞ս են պատրաստվում Լեռնային Ղարաբաղի հարցում շահագրգիռ կողմերը շարունակել համագործակցությունը մի երկրի հետ, որի նախագահը, իրենց իսկ խոսքերով, ընտրվել է կոպիտ ընտրախախտումների, ծեծ ու ջարդի շնորհիվ: Ես այդպիսի դեպք չգիտեմ, որ դեմոկրատական երկրում մի մարդ 3-րդ անգամ անընդմեջ դառնա նախագահ: Ալիևը ցույց տվեց աշխարհին, որ ինքը թքած ունի բոլոր կարծիքների, ընդունված կարգերի վրա` Ադրբեջանը դե ֆակտո դարձնելով ավտորիտար երկիր: Միգուցե այդ 84,59 տոկոսը նա, իրոք, հավաքել է… իմ ծիծաղն էլ եկավ:
Իսկ ինչո՞ւ Ալիևը չցանկացավ 5 տարի ընդմիջում տալ, ինչպես դա ընդունված է. իր ամենավստահելի մարդուն դարձնել նախագահ, հետո նորից 2 ժամկետ ղեկավարել: Քանի որ այդպիսի վստահելի մարդ նա չուներ: Միակ մարդը, ում նա կարող էր քիչ, թե շատ վստահել, դա իր կինն է` Մեհրիբանը: Հավանաբար Իլհամին մտորելու տեղիք է տվել իր կնոջ թուլությունը տղամարդկանց հանդեպ և նա վախեցել է, որ Մեհրիբանը, դառնալով նախագահ, կգտնի ավելի «հրապուրիչ» և ազդեցիկ մեկին, իսկ ինքը կհայտնվի խաղից դուրս:
Ինչևէ, այդ ընտրությունները կարելի է համարել կայացած, Ալիևին` ռեկորդակիր նախագահ, և հուսալ, որ 3-րդ անգամ վերընտրվելով, նա կցուցաբերի ադեկվատ քաղաքականություն տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հարցում, թեկուզ շատ բարդ է դա պատկերացնել…