Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված հայ-թուրքական արձանագրություններից անցել է 4 տարի, սակայն Թուրքիայի իշխող վարչակարգն այդպես էլ գործուն ջանքեր չգործադրեց պրոցեսը արձանագրությունների փուլ տեղափոխելու ու դրանք վավերացնելու հարցում:
Նախօրեին Շվեցարիայի ԱԳ նախարարի հետ ունեցած համատեղ ասուլիսում, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե «Թուրքիան փնտրում է «ստեղծարար ուղիներ»՝ բարելավելու հարաբերությունները Հայաստանի հետ՝ նշելով, որ Թուրքիան չափազանց կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը։

Որո՞նք են այն «ստեղծարար ուղիները», որոնց փնտրտուքով այդքան տոգորված է թուրքական կողմը: Ինչո՞ւ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին՝ արձանագրությունները ստորագրելու օրը, Թուրքիան գտնված էր համարվում այդքան որոնված հարաբերությունների նորմալացման «ստեղծարար ուղիները», սակայն ավելի ուշ, Թուրքիան կրկին հայտնվեց «նույն տաշտակի» առաջ:
Եթե պաշտոնական Անկարան իսկապես փնտրում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղիներ, ապա հայ-թուրքական սահմանի շրջափակումն ու դրա՝ որպես «պատժիչ գործողություն» ներկայացնելու փաստը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին ներգրավվելու փորձերն ու խիստ ադրբեջանամետ գնահատականներ հնչեցնելը բնավ չեն նպաստում կարգավորման «ստեղծարար ուղիների» գտնելու հարցին:

Էրդողանի կառավարությունը արձանագրությունները ստորագրելուց 4 տարի անց դեռևս չի տվել ամենակարևոր հարցի պատասխանը. ինչո՞ւ բանակցված փաստաթղթերը ստորագրվելուց հետո թուրքական խորհրդարանում չվավերացվեցին ու դա այն դեպքում, որ Էրդողանի կուսակցությունը մեծամասնություն էր ապահովել խորհրդարանում և կարող էր լուծել ցանկացած փաստաթղթի վավերացման հարցը: Ինչո՞ւ Թուրքիան հետ քայլ կատարեց՝ փորձելով ամեն կերպ արձանագրությունների վավերացման հարցը կապել ԼՂ հիմնախնդրի հետ, և վերջապես, ինչո՞ւ է Թուրքիան շարունակում տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը չնպաստող քայլերի իրականացումը:
Սրանք հարցեր են, առանց որոնց պատասխանների դժվար է հավատալ թուրքական քաղաքական վերնախավի հավաստիացումներին ու հայտարարություններին:

Այս պահին կարող ենք փաստել, որ Թուրքիայի ներկայիս քաղաքական վերնախավի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ բանակցություններն այլևս անհնար են, քանզի նրանք իրենց քայլերով սպառել է վստահության պաշարը: Իսկ դրա բացակայության պայմաններում անիմաստ է խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել