(ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյան) «Փակ շուկայի ձեւափոխման, հանրապետական մասշտաբի մշակույթի այդ հուշարձանի աղավաղումը սկսվել է դեռեւս 2012 թ. հոնվարի 7-ից, երբ շուկայի տարածք մտավ ծանր տեխնիկան: Մենք բազմիցս նամակներ ենք ուղղել նախ Քաղաքաշինության եւ Մշակույթի նախարարություններին, ապա երկրի նախագահին՝ պահանջելով կանխել շուկայի ձեւափոխումն ու ինքնակամ շինաշխատանքները: Մեզ սկզբում հավաստիացնում էին, որ աշխատանքներն ընդամենը կառույցի վերակառուցմանն են ուղղված, եւ անհանգստանալու կարիք չկա: Սակայն, ինչպես ժամանակը ցույց տվեց, նույն այդ գերատեսչությունները չկարողացան պահպանել Փակ շուկան: Սա, թույլ տվեք ասել, Մշակույթի նախարարության անփութության, մեղավորության արդյունքն է: ՀՀ դատախազությանն ուղղված մեր նամակն արժանացավ տարօրինակ պատասխանի: Մեզ հայտնեցին, որ սեփականատիրոջ կողմից տարվող աշխատանքները որեւէ հանցակազմ չեն պարունակում: Մինչդեռ մենք կորցնում ենք հուշարձան, որի նմանը չենք ունենալու: Ճարտարապետների միությունը պահանջում է դադարեցնել շինարարությունը եւ նոր նախագիծ առաջարկել՝ շուկան նախկին տեսքի բերելու համար»:



