Panarmenian.net-ը գրում է.
2013թ. օգոստոսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16 100 գործարք, ինչը պակաս է 2012թ. նույն ժամանակաշրջանից 6,5 տոկոսով և ավելի է 1,5 տոկոսով 2012թ. օգոստոսից:
2013թ. օգոստոսին Երևան քաղաքում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների 60,9 % -ն արձանագրվել ենբազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2013թ. հուլիսի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակն նվազել է 2,8 %-ով, իսկ 2012թ. օգոստոսի համեմատ՝ աճել է 10,4 տոկոսով:
Անշարժ գույքի կադաստրի պետական հանձնաժողովի տվյալների համաձայն, 2013-ի օգոստոսին Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ միջին շուկայական արժեքը 2013 թվականի հուլիսի համեմատ աճել է 0,04 տոկոսով:
Մայրաքաղաքի կենտրոնում 2013թ. օգոստոսին 1 քմ արժեքը կազմել է 428 հազար դրամ, Արաբկիր վարչական շրջանում՝ 356,5 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթուն՝ 282,4 հազար դրամ, Նորք-Մարաշ՝ 251 հազար դրամ, Ավան՝ 259 հազար դրամ, Էրեբունի՝ 249 հազար դրամ, Շենգավիթ՝ 255 հազար դրամ, Դավիթաշեն՝ 274,5 հազար դրամ, Աջափնյակ՝ 248 հազար դրամ: Ամենացածր գներն արձանագրվել են Մալաթիա-Սեբաստիա (241 հազար դրամ) և Նուբարաշեն (152 հազար դրամ) վարչական շրջաններում:
2013թ. օգոստոսին մարզերում վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 422 բնակարաններ, որոնց քանակը 2013թ. հուլիսի համեմատ ավելի է 1,4 %-ով և 3,9 տոկոսով ավելի է 2012թ. օգոստոսի համեմատ: Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2013թ. օգոստոսին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2013թ. հուլիսի համեմատ, աճել են 0,1 %-ով: