4182_bFootsport.am-ը գրում է.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասանկցությամբ հոկտեմբերի 10-ին` 1973-ի ԽՍՀՄ գավաթը նվաճելու փառապանծ հաղթանակի օրը, կայացավ  լեգենդային «Արարատ-73»-ի մեծարման երեկոն: 1973 թվականին մեկ մրցաշրջանի ընթացքում ԽՍՀՄ չեմպիոնի և ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները նվաճած թիմի փառավոր հաղթանակի 40-ամյակի առթիվ կազմակերպված երեկոյի ժամանակ ՀՀ նախագահը Երևանի «Արարատի» վետերաններին՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար, պարգևատրեց պետական բարձր պարգևներով, շնորհեց պատվավոր կոչում: «Արարատ-73» ֆուտբոլիստներին ցուցաբերվեց հայրենիքի հերոսներին վայել մեծարանք:

Սերժ Սարգսյանը, շնորհավորելով պարգևատրվածներին, իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ «Արարատ»-ը ոչ միայն 1973 թվականի, այլ ընդհանրապես 20-րդ դարի 70-ականների մեր ժողովրդի մեծագույն նվաճումներից մեկն է: «Ես շատ լավ հիշում եմ 1973 թվականը, ես այն ժամանակ ծառայել եմ խորհրդային բանակում՝ հեռավոր Ուրալում: Նույնիսկ հիմա եմ հուզվում, ինձ թվում էր, թե ամբողջ գունդն ինձ է նայում, և բոլորը մատնացույց էին անում, ասում էին՝ տեսեք այս մարդու հայրենակիցներն են, որ այս սխրանքը կատարեցին:

Պարզ է, որ Հայաստանում տոնախմբություն էր: Ես մի առիթով ասել եմ, որ մեր ժողովուրդը վերջին 50-60 տարիների ընթացքում, երևի, մի քանի անգամ է սրտանց ուրախացել: Թերևս, առաջին առիթը Հայրենական պատերազմում հաղթանակն է՝ Մայիսի 9-ը, այնուհետև Տիգրան Պետրոսյանի հաղթանակը, «Արարատ-73»-ի և մեկ էլ մեր ժամանակներում դա կարելի է համեմատել Շուշիի հաղթանակի հետ, երբ ժողովուրդն ինքնաբուխ դուրս էր եկել փողոցներ և ուրախանում էր իր զավակների մեծագույն հաղթանակով»,-ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի համոզմամբ, «Արարատ»-ը իր որոշակի ազդեցությունն ունի նաև ներկայիս ՀՀ ազգային հավաքականի վրա, որը, նախագահի գնահատականով, հանդիսանում է նախկին Խորհրդային Միության երկրների լավագույն հավաքականներից մեկը:

ՀՀ նախագահը հորդորել է, որպեսզի յուրաքանչյուր հայ, որտեղ էլ գտնվի, սատարի մեր ֆուտբոլի հավաքականին, որովհետև, ըստ նրա, դա զուտ միայն հաղթանակ չէ մարզական բնագավառում՝ դա շատ ավելին է, քան պարզապես հաղթանակը: Նախագահը իր և ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել «Արարատ-73»-ի վետերաններին, մաղթել առողջություն և ցանկացել, որ նրանք միշտ լինեն մեր հավաքականի, մեր ֆուտբոլիստների կողքին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կազմակերպած մեծարման երեկոյի ժամանակ «Արարատ-73»-ի վետերաններին ողջունել և փառահեղ հաղթանակի հոբելյանի առթիվ շնորհավորել են նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել